Թուրքիայի և Իսլամական պետության միջև առճակատումը և դրան հաջորդած`ԻՊ դիրքերին ավիահարվածներ հասցնելու համար ԱՄՆ-ին ռազմահենադաշտ տամադրելու Անկարայի որոշումն ամերիկա-թուրքական գործարքի արդյունք է: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Փորձագետը նշել է, որ վերջերս Թուրքիայում էր գտնվում ամերիկյան բարձրաստիճան պատվիրակությունը, ինչից հետո վերջնականապես համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հեռախոսազրույցի ընթացքում: ՙԹուրքիան վաղուց փորձում է Սիրիայի տարածքի օկուպացման թույլտվություն ստանալ, որտեղ մտադիր է բուֆերային գոտի ստեղծել: Հաշվի առնելով Անկարայի պահվածքը` նրանք համաձայնության են հանգել`քողարկելով այդ ամենն ԻՊ հետ պայքարի իմիտացիայով՚,- նշել է փորձագետը: Ըստ որում, նա չի բացառել, որ ԻՊ-ն պատասխան գործողությունների կդիմի և ահաբեկչություններ կիրականացնի Թուրքիայի տարածքում:
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թույլ է տվել ամերիկացի զինվորականներին երկրի հարավ-արևելքում գտնվող ՙԻնջիրլիք՚ ռազմակայանից ավիահարվածներ հասցնել Իրաքում և Սիրայում ՙԻսլամական պետության՚ գրոհայիններին: Թուրքիան առաջին անգամ հարվածներ է հասցրել ԻՊ խմբավորման դիրքերին`ոչնչացնելով Սիրիայում իսլամիստների չորս օբյեկտ: Հարվածների ընթացքում, նախնական տվյալներով, ոչնչացվել է 35 գրոհային: Ավիահարվածների պատճառ են համարվում հետախուզության տվյալներն այն մասին, որ գրոհայիններն սկսել են ծանր սպառազինություն կենտրոնացնել Թուրքիայի հետ սահմանի մերձակա գյուղերից մեկում: