Քրեական գործ է հարուցվել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Հատուկ քննչական ծառայությունում, քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը պատժվում է մինչև հինգ տարի որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկմամբ, նվազագույն աշխատավարձի չափի 200-400-ապատիկի չափ տուգանքով, 1-3 ամիս կալանքով կամ մինչև 2 տարի ազատազրկմամբ):
Նշենք, որ ապրիլի 3-ին Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) ու Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության ուսումնասիրության կենտրոնը (OCCRP) հրապարակել են օֆշորների համաշխարհային ցանցին նվիրված հետազոտություն: Խոսքը վերաբերում է շուրջ 11,5 մլն փաստաթղթին, որոնք բացահայտում են ՙստվերային տնտեսության՚ մասշտաբները, որին մասնակցում են համաշխարհային հայտնի քաղաքական գործիչներ ու գործարարներ: Ըստ այդ փաստաթղթերի՝ Միհրան Պողոսանը Պանամայում գրանցված երեք ընկերությունների՝ «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ՚ (Sigtem Real Estates Incorporated), «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ՚ (Hopkinten Trading Incorporated),«Բանջիո ինվեստ՚ (BANGIO INVEST S.A.), բաժնետեր է: Այնտեղ գրանցված ընկերությունների միջոցով նա զբաղվում է բիզնեսով՝ թաքցնելով ստացվող եկամուտները:
«Պանամական արտահոսքից» հետո ԴԱՀԿԾ պետ Միհրան Պողոսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այն ստորագրել էր: