Ապրիլի 5-ին հակամարտ կողմերի միջև ձեռք բերված կրակի դադարեցման մասին բանավոր պայմանավորվածությունից հետո Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից որդեգրած մարտավարությունն ակնհայտ կերպով ցույց է տալիս, որ պաշտոնական Բաքուն մի կողմից իր սադրիչ գործողություններով իրավիճակը տանում է դեպի կանխամտածված սրացման, իսկ մյուս կողմից շտապում առաջնային գծում տեղի ունեցող զարգացումները ներկայացնել որպես հայկական կողմի նախահարձակ գործողությունների հետևանք:
Ինչպես նշվում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարության տեքստում, հատկանշական է, որ հակառակորդն իր այս գործելաոճը կյանքի կոչելու համար դիմում է սեփական զինանոցում եղած ամենաստոր ու հրեշավոր միջոցների կիրառմանը: «Ասվածի անհերքելի ապացույցներից է առաջնային գծին մերձակա բնակավայրերում ադրբեջանական հրետանու և զրահատանկային ուժերի համար կրակային հենակետերի ծավալման փաստը, որտեղից հակառակորդը, հիմնականում գիշերային ժամերին, հրետակոծության և արկակոծության է ենթարկում հայկական դիրքերն ու խաղաղ բնակավայրերը: Թաքնվելով խաղաղ բնակիչների թիկունքում և, արդյունքում նույն այդ քաղաքացիներին դարձնելով կենդանի վահան, ադրբեջանական հրամանատարությունն արդեն օրեր շարունակ կատարում է իր սև գործը: Ելնելով ստեղծված իրավիճակից` ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հակառակորդ կողմին խորհուրդ է տալիս հարգել իրենց իսկ խնդրանքով կրակի դադարեցման վերաբերյալ կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածությունը ու նաև զգուշացնում` խաղաղ բնակավայրերը չվերածել կրակային հենակետերի` դրանք դարձնելով խոցման թիրախ: Հակառակ դեպքում հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», - ասվում է հայտարարությունում: