Եթե ամբողջ աշխարհը խոսում է լեզվով, որն Անկարան չի հասկանում, հնարավոր է, խնդիրն Անկարայի մեջ է, ապրիլի 27-ին Բելգիայի ԱԳ նախարար Դիդիե Ռեյնդերսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
ՙՎերջին օրերին Թուրքիան քննադատում է բոլորին՝ Հռոմի պապին, Եվրախորհրդարանին, Ֆրանսիային, Ռուսաստանին, Գերմանիային, Ավստրիային ու շատ այլ երկրների: Կարծում եմ, Անկարային ավելի հեշտ կլինի հանդես գալ մեկ հայտարարությամբ, որում կքննադատի ողջ քաղաքակիրթ աշխարհը, միջազգային հանրությանը`այն բանի համար, որ միջազգային հանրությունը և աշխարհը խոսում է Թուրքիայի համար անհասկանալի լեզվով՚,- ասել է նախարարը:
Ռեյնդերսն իր հերթին նշել է, որ իր համար մեծ պատիվ է, որ կարողացել է այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին: Ըստ որում, նա ավելացրել է, որ Բելգիան իր դիրքրոշումը հայտնել է այդ հարցի առնչությամբ, ավելին`այն կոչ է արել Թուրքիային ճանչել Հայոց ցեղասպանությունը:
Բելգիայի ԱԳ նախարարը նաև նշել է, որ իր երկիրը կշարունակի աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: