Թուրքիայի Կիպրոս ներխուժումից հետո գողացված հայկական Ավետարանի ձեռագիրը վերադարձվել է հայրենիք: Կիպրոս է վերադարձվել, ընդհանուր առմամբ, 173 մասունք, հաղորդել է Famagusta Gazette-ն: Մասունքները վերադարձվել են այն բանից հետո, երբ Գերմանիայի վերաքննիչ դատարանը վերջնական որոշում կայացրեց Թուրքիայի կողմից բռնազավթված Կիպրոսի շրջաններից թուրք մաքսանենգների կողմից առևանգված գանձերի մասին, որոնց թվում էին եկեղեցիների որմնանկարների դրվագներ, սրբապատկերներ, հայկական Ավետարանի ձեռագրեր և 40 նախապատմական հնություններ, որոնք հայտնաբերվել էին 1997 թվականին Մյունխենում` թուրք դիլերի բնակարանում:
Հիշեցնենք, որ աշխարհում կա շուրջ 30 000 հին հայկական ձեռագրեր, որոնց մեծ մասը (շուրջ 17000 ձեռագիր) պահվում են Մատենադարանում: Հայկական ձեռագրերի խոշոր գրապահոցներ են Երուսաղեմի Հայկական պատրիարքարանի գրադարանը (շուրջ 4000 ձեռագիր), և Մխիթարյան միաբանությունը Վենետիկում (շուրջ 4000 ձեռագիր) և Վիեննայում (2500 ձեռագիր):