Ղարաբաղի շուրջ լայնամասշտաբ պատերազմի չվերսկսման երաշխավորն Իլհամ Ալիևն է, Երևանում ընթացող ՙԿովկաս-2015՚ երկօրա միջազգային գիտաժողովի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել «Կովկասյան տուն՚ կենտրոնի գործադիր տնօրեն Գեորգի Կանաշվիլին:
ՙԼայնամասշտաբ ռազմական ագրեսիա նախաձեռնելու համար Ադրբեջանի նախագահին անհրաժեշտ է առնվազն 100 տոկոս երաշխիք, որ նա կպահպանի իր իշխանությունը: Եվ նույնիսկ 98-99% երաշխիքները չեն կարող դրդել նրան նման մասշտաբների արկածախնդրության: Բնականաբար, այդ երաշխիքները պետք է տրվեն նրան ուժի արտաքին հզոր կենտրոնների կողմից՚,- նշել է նա:
Վրացի փորձագետի կարծիքով, Ադրբեջանի կառավարող ռեժիմի համար գլխավորն ամենևին Լեռնային Ղարաբաղը չէ, այլ՝ իրենց ձեռքում իշխանության և, համապատասխան, երկրի ընդերքի պարունակության պահպանումը: Այս առումով պատերազմ սկսելը, վստահ չլինելով դրա արդյունքների հարցում, վերջինիս համար խնդրահարույց է և այդ պատճառով՝ անհնար:
Ըստ որում, ըստ Կանաշվիլիի, կա ևս մեկ սցենար, ինչի դեպքում Ալիևն անհապաղ կդիմի ղարաբաղյան հակամարտության ռազմական կարգավորման փորձի: Ադրբեջանում ժողովրդավարական գործընթացներ սկսվելու դեպքում, ինչպես տեղի ունեցավ Վրաստանում ՙՎարդերի հեղափոխության՚ ընթացքում, իշխանությունն անմիջապես մասշտաբային պատերազմ կհրահրի Ղարաբաղում: Այդ դեպքում Ալիևն ուղղակի կորցնելու բան չի ունենա: