ՀՀ Ազգային ժողովի երկու պատգամավորների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին նախաձեռնության վերաբերյալ կառավարության եզրակացության շուրջ ասեկոսեներն անտեղի են: Կառավարության եզրակացությունը չի նշանակում հավանություն այդ նախաձեռնությանը։ Այդ մասին նշվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ Հայաստանը բազմիցս հստակ հայտարարել է, թե որ դեպքում կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ ՙՈրպես կանխատեսելի և վստահելի գործընկեր՝ նման կարևոր որոշման կայացման պարագայում Հայաստանի Հանրապետության Նախագահը նախապես կտեղեկացնի իր գործընկերներին, առաջին հերթին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին: Մենք հուսով ենք, որ Ադրբեջանն իր մեջ բանականություն կգտնի և զերծ կմնա ապրիլի սկզբին սանձազերծած արկածախնդրության կրկնությունից: Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայության գիտակցմամբ է միայն հնարավոր վերադարձնել գործընթացը բանակցային դաշտ և գտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրագործման արդար և արդյունավետ ուղին՚,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը մայիսի 5-ի նիստում հավանություն է տվել «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասինե օրինագծի վերաբերյալ եզրակացությանը, որը ներկայացրել էին ընդդիմադիր պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Հրանտ Բագրատյանը: Այն ուղարկվել է խորհրդարանի հաստատմանը: Ինչպես նշվում է օրինագծի հիմնավորման մեջ, դրա ընդունման անհրաժեշտութունը պայմանավորված է Հայաստանի և Ղարաբաղի կառավարությունների միջև քննարկումների արդյունքներով: Այնուամենայնիվ, պաշտոնական Երևանը տարբեր մակարդակներով հայտարարել է, որ Հայաստանը կճանաչի ԼՂՀ-ն՝ լայնամասշտաբ ադրբեջանական ագրեսիայի կրկնման դեպքում: