Երևանի և Բաքվի միջև բախումը կհանգեցնի Ադրբեջանի միակողմանի ոչնչացման: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը /Կոմանդոս/:
Նա բացատրել է, որ երկիրը գտնվում է պայթունավտանգ պլատֆորմի վրա՝ հիշեցնելով 2015 թ. դեկտեմբերի 4-ին Կասպից ծովի Գյունեշլի հանքավայրում տեղի ունեցած դեպքը, ինչի հետևանքով տասնյակ նավթագործներ զոհվեցին:
ՙԲոլորը գիտեն 10-րդ պլատֆորմում կատարվածի մասին, որտեղ հրդեհ տեղի ունեցավ և ավելի քան 30 մարդ զոհվեց: Ադրբեջանի բոլոր միջոցներն ուղվեցին պլատֆորմում հրդեհի մարմանը: Ադրբեջանական համապատասխան կառույցներից ավելի քան մեկ ամիս պահանջվեց կրակը մարելու համար: Որքա՞ն ժամանակ կպահանջվեր նրանցից հրդեհի մարման համար, եթե այն բռնկեր մի քանի պլատֆորում՚,- հարց է տվել Կոմանդոսը: Այս առումով նա ավելացրել է, որ Հայաստանը չի թաքցնում, որ իր բոլոր հրթիռներն ուղղված են Ադրբեջանի նավթագազային պլատֆորմներին:
Միաժամաանակ գեներալին չի վախեցնում այն փաստը, որ դա կարող է փոխադարձ լինել: Նա հիշեցրել է, որ ՀԱԷԿ-ը գտնվում է քամիների վարդի գոտում՝ 10-15% դեպի Թուրքիայի կողմն աննշան շեղմամբ: Նրա խոսքով, այդ է պատճառը, որ Թուրքիան ձգտում է հասնել ԱԷԿ-ի փակմանը: ՙՍակայն, ԱԷԿ-ում պայթյունը կսպառնա ոչ միայն Թուրքիային, կզոհվի Հայաստանի խաղաղ բնակչությունը: Մենք պատերազմ չենք ուզում, սակայն Ադրբեջանի կողմից արկածախնդրության հավանականությունն օրեցօր մեծանում է՚,- ասել է գեներալը:
Ըստ որում, նա ավելացրել է, որ հայկական կողմը կարող է պատասխան գործողությունների դիմել՝ հիմնվելով միջազգային իրավունքի 51-րդ հոդվածի վրա, ինչը թույլ է տալիս կանխարգելիչ հարված հասցնել այլ երկրի կողմից զինված հարձակման դեպքում: