«Բաղրամյան» զորավարժարանում ավարտվել է Հայաստանի Հանրապետությունում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունների օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում ներգրավված հատուկ նշանակության ուժերի կազմավորումների, ներքին գործերի և ոստիկանության ստորաբաժանումների մասնակցությամբ «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժությունը, որը մեկնարկել էր մայիսի 24-ին:
Ոստիկանապետ Վովա Գասպարյանը զորավարժությունը գնահատել է «երեքին գումարած»: «Ինքներս մեզ չենք կարող բարձր գնահատական դնել, միշտ աշխատելու բան կա, այդ պատճառով ես ընթացած զորավարժությունը գնահատում եմ բավարար` պլյուսով: Առաջադրված խնդիրների կատարման ժամանակ թույլ են տրվել որոշ մասնագիտական սխալներ: Սակայն ես վստահությամբ կարող եմ ասել, որ մեր մասնագիտական պատրաստությունը տարեցտարի բարելավվում է: Իսկ նման զորավարժությունները մեզ հնարավորություն են տալիս ինչպես կիսելու մեր փորձը, այնպես էլ ինչ-որ բան սովորելու այլ պետությունների մեր գործընկերներից», - ասել է նա:
Ոստիկանապետը նաև փաստել է, որ ՀԱՊԿ ՕԱՀՈՒ-ն կարողացավ հաջողությամբ կատարել առաջադրանքը և հաշված րոպեների ընթացքում վնասազերծել և ոչնչացնել պայմանական ահաբեկիչներին, ինչը վկայում է կազմակերպության մասնակից երկրների ուժերի հաջող փոխգործակցության մասին:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բրոդյուժան, իր հերթին, հիշեցրել է, որ կազմակերպությունն ստեղծվել և գործում է ՀԱՊԿ մասնակից երկրների ինքնիշխանությունն ապահովելու շահերից ելնելով: Նրա ա ելով, աշխարհը տեղում կանգնած չէ, տարածվում են ահաբեկչական կազմակերպությունները, աճում է հանցավորությունը, ծագում են մեծ նոր մարտահրավերներ և սպառնալիքներ, ինչի առնչությամբ հատկապես արդիական է դառնում ՀԱՊԿ ուժային բաղադրիչը: «Հայաստանում զորավարժությունն անցավ բարձր մակարդակով: Կարող եմ ասել, որ միջոցառումը փայլուն նախապատրաստվեց իր իրականացվեց: Զորավարժության ընթացքում հաջողվեց մշակել ՀԱՊԿ ՕԱՀՈՒ փոխգործակցության հարցեր», - եզրափակել է Բորդյուժան:
Հավելենք, որ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ներքին գործերի մարմինների հատուկ ստորաբաժանումների, ներքին զորքերի ներկայացուցիչների մասնակցկությամբ ընթացած զորավարժության ընթացքում մշակվել է ահաբեկչական խմբավորումների գործունեության կասեցմանը նպատակաուղղված է համատեղ միջոցառումների (գործողությունների) անցկացման կարգը: Նաև ՀԱՊԿ անդամ պայմանական պետության տարածքում փակվել են զենքի, պայթուցիկ նյութերի և թմրանյութերի ապօրինի շրջանառության խողովակները, փորձարկվել է հատուկ գործողություններ անցկացնելիս ուժերի և միջոցների կառավարման մարմինների աշխատանքի ալգորիթմը, կատարելագործվել են անձնակազմի օպերատիվ-մարտական հմտություններն առաջադրանքներ կատարելիս: Զորավարժությանը մասնակցել են «Մի-8» և «Մի-247» ռազմատրանսպորտային ուղղաթիռներ:
Զորավարժության արդյունքում առաջադրանքների կատարման ընթացքում աչքի ընկած մասնակիցները ներկայացվել են պարգևատրման` ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոփլայ Բորդյուժայի կարգադրությամբ: Զորավարժության ավարտին կայացել են Հայաստանի ոստիկանության հատուկ ստորաբաժանումների ցուցադրական ելույթներ: