Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանությունը բողոք է հայտնել
հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությանը նոյեմբերի 23-ին <1+1>
հեռուստաալիքով հեռարձակված ծրագրի առնչությամբ, որը նվիրված էր Լեռնային Ղարաբաղի
հակամարտությանը: Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն:
Ադրբեջանի դեսպանության տվյալներով, հեռուստաալիքի
լրագրողները պատրաստել էին <15 հանրապետություն> հաղորդումը, որում, իբր, նենգափոխվել
են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող իրողությունները: Դիվանագիտական
ներկայացուցչությունում նշել են, թե վերը նշված ծրագիրը <սևացնում է Ադրբեջանական
Հանրապետության հասարակաքաղաքական համակարգը, անկախության տարիներին այնտեղ ձեռք
բերված հաջողությունները, նենգափոխում է Լեռնային Ղարաբաղի հայ-ադրբեջանական
հակամարտության էությունն ու պատճառները>:
<Ծրագրի
հաղորդավարները գովաբանում են զավթիչ երկիր Հայաստանն ու նրա աջակցությունը վայելող
Լեռնային Ղարաբաղի անջատական վարչակազմը,
որն ավելի քան 20 տարի օկուպացման մեջ է պահում ադրբեջանական տարածքի 20
տոկոսը>, - ասվում է Ադրբեջանի դեսպանության հայտարարությունում, որն արդեն
բողոքի նամակ է հղել հեռուստաալիքի ղեկավարությանն ու նրան տեղեկացրել, որ
հաղորդման հեղինակները` լրագրողներ Կոնստանտին Անդրիյուկն ու Դմիտրի Վոլկովը ներառվել
են Ադրբեջանի ԱԳՆ սև ցուցակում: