Ալբանիա-Հայաստան խաղում Հայաստանի հավաքականի խայտառակ պարտության պատճառը դավաճանությունն էր: Նոյեմբերի 25-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
«Ով էլ լիներ մեր հավաքականի մարզիչ, նույնիսկ աշխարհի ամենալավ մարզիչը, նման իրավիճակում չէր կարող խաղը փրկել: Ես կարծում եմ, որ որոշ հայ ֆուտբոլիստների դավաճանության վերաբերյալ մամուլում հայտնված տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը: Իսկ մեզ մնում է հայթայթել և հրապարակել համապատասխան ապացույցներ», - հայտարարել է նա:
Նա նաև հավելել է, որ Հայաստանի հավաքականի վատ խաղի պատճառը ոչ այնքան մարզչական աշխատանքի բացթողումներն են, որքան ֆուտբոլիստների խաղալու ցանկության բացակայությունը: Ընդ որում Հայրապետյանը չի պարզաբանել ֆուտբոլիստների նման վարքագծի պատճառները:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին ալբանացի ֆուտբոլիստները, 3:0 հաշվով պարտության մատնելով հայ ֆուտբոլիստներին, պատմության մեջ առաջին անգամ նվաճեցին Եվրո-2016-ի եզրափակչի ուղեգիր: Դրանից հետո սերբական և, ինչն ուշագրավ է, ալբանական ԶԼՄ-ներում հայտնվեցին բազմաթիվ հրապարակումներ, որոնց համաձայն, Ալբանիայի հավաքականը 500 հազարական եվրո է վճարել Հայաստանի հավաքականի երեք պաշտպաններին և դարպասապահին` իբր սեփական հավաքականի խաղը տապալելու համար:
Միևնույն ժամանակ, ՈՒԵՖԱ-ն հայտարարել է, որ չի հետաքննելու Եվրո-2016 ընտրական մրցաշարի Հայաստան-Ալբանիա խաղը:
Հավելենք, որ Երևանում բողոքի ակցիաներ են անցկացրել ֆուտբոլասերները` պահանջելով մարզիչի փոխարինում առավել իրավասու մասնագետով: