«ՎիվաՍել-ՄՏՍ»-ից
հայտնում են, որ «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ն ներքին ստուգումների արդյունքում հայտնաբերել է
շուրջ 751 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ նյութական արժեքների կորուստ
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է
Ընկերության մամուլի ծառայությունից, հանցագործության մասին հաղորդում է
ներկայացրել ՀՀ ոստիկանություն` Ընկերությունից յուրացման փաստի կապակցությամբ:
Միաժամանակ «ՎիվաՍել»-ից հայտնում են, որ հիմք
ընդունելով նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունը`
համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի, ընկերությունը
ձեռնպահ է մնում որևէ լրացուցիչ տեղեկատվություն կամ մեկնաբանություն հրապարակելու
հարցում:
Նշենք,
որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է,
որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների
փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում:
Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը,
հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում
կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր
զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն
իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական
պատասխանատվության միջազգային ստանդարտ): «Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ)
Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր
ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100
միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի,
Բելառուսի, Ուկրաինայի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր
ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան
ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից
«ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: