Հունաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոի Կոնստադոպուլուի հետ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, ապրիլի 15-ին կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-հունական երկկողմ հարաբերությունները, որոնց ներկայիս մակարդակը երկուստեք արժանացել է բարձր գնահատանքի: Անդրադարձ է կատարվել երկու երկրների քաղաքական, տնտեսական, ռազմական հարաբերությունների խորացման հնարավորություններին: Կարևորելով խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում` զրուցակիցները մասնավորապես անդրադարձան խորհրդարանական ձևաչափին:
Հունաստանի խորհրդարանի նախագահը հաստատել է, որ կայցելի Հայաստան` Հայոց ցեղասպանութան 100-րդ տարելիցի միջոցառումներին Հունաստանը ներկայացնելու նպատակով:
Նշենք, որ Ֆրանսիան, Ռուսաստանն ու Կիպրոսն արդեն հաստատել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին առաջին անձի մակարդակով իրենց մասնակցությունը: ԱրմԻնֆո-ի բելառուսական աղբյուրների համաձայն, Մինսկը նույնպես Երևանում կներկայնա բարձրագույն մակարդակով: Այդ օրերին Հայաստան կժամանեն նաև ԵԽԽՎ ն ախագահ Էն Բրասերը, ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբերն Յագլանդը, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը: Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան ավելի վաղ ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել էր, որ Պրահան Երևանում ապրիլյան միջոցառումներին ներկայացված կլինի խորհրդարանի փոխխոսնակի մակարդակով: Բուլղարիան նույնպես կներկայացնի խորհրդարանի փոխնախագահ Կրասիմիր Կարակաչանովը: Շվեյցարիան, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, կսահմանափակվի Երևանում իր դեսպանի ներկայությամբ: Լոնդոնը կներկայացնեն Մեծ-Բրիտանիա-Հայաստան համագործակցության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ջոն Ուիթինգդեյլը և եպիսկոպոս Ռիչարդ Չարթրեսը: Ավստրալիան և Նորվեգիան պաշտոնապես հրաժարվել են մասնակցել այդ միջոցառումներին: