Միջազգային եվրոպական շարժումը, որը եվրոպական ինտեգրացիային նպաստող համաեվրոպական կազմակերպություն է, ապրիլի 24-25-ին Ռիգայում ընթացող իր Գլխավոր ասամբլեայի նիստին միաձայն Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև է ընդունել:
Այս փաստաթղթով Եվրոպական շարժումը ՙիր ձայնով միանում է ավելի քան 20 պետություններին, մի շարք միջազգային կազմակերպություններին և կառույցներին, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանին (1987թ. և 2015թ.), Եվրոպայի խորհրդին (2001թ.) և Եվրանեսթ ԽՎ-ին (2015թ.), որոնք արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը՚: Բանաձևը համահեղինակել է ՙՀայաստանի եվրոպացի բարեկամներ՚ կազմակերպությունը (ՀԵԲ)`ՙՀայաստանի եվրոպական շարժման՚ հետ միասին: ՀԵԲ տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան մեկնաբանում է. ՙԵվրոպական շարժումը կարևոր եվրոպական կազմակերպություն է՝ մոտ 70 տարվա հիանալի պատմությամբ: Մենք շատ շնորհակալ ենք, որ այս կազմակերպությունը, որը եվրոպական արժեքների խրախուսման և ԵՄ-ի կայացման առաջամարտիկներից է, միացավ բազմաթիվ ուրիշների, ովքեր այս առանձնահատուկ տարվա ընթացքում հարգում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՚: Բանաձևում Եվրոպական շարժումը ՙդատապարտում է ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների բոլոր ձևերը և խստորեն դատապարտում դրանց ժխտողականությունը՚, ինչպես նաև ՙհույս է հայտնում, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից կուղեկցվի հայ և թուրք ժողովուրդների պատմական հաշտեցմամբ՚: ՙՀայաստանի եվրոպական շարժման՚ նախագահ Վիկտոր Ենգիբարյանը հավելում է. ՙԵվրոպական շարժման կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է նպաստի տարածաշրջանում անվտանգության հաստատմանը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: ՙՀայաստանի եվրոպական շարժման՚ համար պատիվ և պարտականություն է այս գործընթացի մասը կազմել՚: Միջազգային եվրոպական շարժումը համաեվրոպական կազմակերպություն է, որը հիմնվել է 1948թ.-ին: Կազմակերպության քարտուղարությունը գտնվում է Բրյուսելում: Շարժումը կազմված է 33 ազգային ներկայացուցչություններից տարբեր եվրոպական երկրներից, ինչպես նաև 22 միջազգային ասոցիացիաներից: Դրանց թվում են եվրոպական կուսակցություններ, ներառյալ` 3 ամենամեծ համաեվրոպական կուսակցությունները, և երիտասարդական կազմակերպություններ, ներառյալ` Երիտասարդ եվրոպացի ֆեդերալիստները (ԵԵՖ) և Եվրոպացի ուսանողների ֆորումը (AEGEE): Շարժամն հիմնական նպատակը եվրոպական արժեքներին և եվրոպական ինտեգրացիային նպաստելն է: ՀԵԲ-ը Միջազգային եվրոպական շարժման ասոցացված անդամ է: Բազմաթիվ նշանավոր քաղաքական գործիչներ են անդամակցել Եվրոպական շարժմանը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը և Ֆրանսիայի նախագահ Վալերի Ժիսկար դ՛Էստենը եղել են շարժան նախագահներից:Եվրոպական շարժման մեծագույն ձեռքբերումներից է Եվրոպայի խորհրդի ստեղծումը և հեղինակավոր Եվրոպայի քոլեջ-համալսարանի հիմնադրումը: