Մերձավոր արևելքի գործընթացները և Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների սրումը կանդրադառնան Հայաստանի վրա, համոզված է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Դժբախտաբար, Մոսկվա-Վաշինգտոն հարաբերությունների վատթարացումը, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն արդեն անդրադառնում են Հայաստանի վրա: Դրա վկայությունն էներգառեսուրսների գների փոփոխությունն է և մի շարք այլ գործոններ», - կարծում է քաղաքագետը:
Նրա ասելով, հասկանալի է, որ թե ուկրաինական ճգնաժամը, թե Իրանի դերի փոփոխումը` որպես տարածաշրջանային խաղացող, թե Թուրքիայի և Սիրիայի գործընթացները նույնպես լուրջ ազդեցություն կունենան Հայաստանի վրա: Իսկանդարյանը նշել է, որ իրավիճակը տարածաշրջանում կպարզվի Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից հետո: «Թուրքիայում հնարավոր են տարբեր սցենարներ` քաղաքացիական պատերազմից մինչև իշխանափոխություն: Սակայն արդեն այսօր հստակ կարելի է ասել, որ Սիրիայում Անկարայի քաղաքականությունը տապալվել է, ավելին, նա կորցրել է վերահսկողությունը Մերձավոր արևելքի գործընթացների նկատմամբ», - նշել է քաղաքագետը:
Անդրադառնալով Ռուսաստանի աջակցությանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին` Իսկանդարյանը նշել է, որ ՍԱՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները շատ ավելի բարդ են, քան թվում է առաջին հայացքից: «Նախ, պետք է հասկանալ, որ վերականգնել Սիրիան այնպես, ինչպիսին նա պատերազմից առաջ էր, արդեն անհնար է: Երկրորդ, սատարելով Ասադին, Ռուսաստանը հետապնդում է երկու նպատակ. միջազգային հանրության ուշադրությունը շեղել ուկրաինական ճլգնաժամից և միջազգային հանրությանը ցուցադրել իր ուժը», - կարծում է փորձագետը: Նա նաև համոզված է, որ միայն օդային հարվածներով չի կարիելի հաղթել ԻԼԻՊ-ին, հարվածները պետք է ուղեկցվեն հզոր ցամաքային գործողությամբ:
«Պետք է հասկանալ, որ ԻԼԻՊ-ը, պարզապես, ինչ-որ ավազակային խմբավորչում չէ: Դա սուննիական նախագիծ է, որն այսօր վերահսկում է Հարավային Կովկասի մեծության մի տարածք, ունի հզոր ֆինանսական ռեսուրս, վայելում է մի շարք պետությունների աջակցությունը, ունի մի քանի տասնյակ հազարանոց բանակ, և սովորական ռմբակոծություններով կարելի է սոսկ թուլացնել նրա ներկայությունը, բայց ոչ արմատախիլ անել», - հայտարարել է Իսկանդարյանը: Նա ընդսմին հավելել է, որ ռուսական կողմը Սիրիայի վերաբերյմալ ունի հստակ ծրագիր, մասնավորապես` աջակցություն Ասադի կառավարությանը և տարածքների պահպանում, մոտավորապես` Լաթաքիայից մինչ Լիբանան, ինչին, նրա համոզմամբ, քիչ թե շատ համաձայն է Արևմուտքը: