Ինչպես սպասվում էր, սեպտեմբերի 4-5-ն Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Վրաստանն այդպես էլ չստացավ Դաշինքին անդամակցման բաղձալի ճանապարհային քարտեզը: Մինչդեռ 08.08.08 պատերազմից հետո Վրաստանի անվտանգությունը նոր ռիսկերի է ենթարկվել, իսկ կովկասյան գործերին ՆԱՏՕ-ի ավելի մեծ ներգրավվածության ուղղությամբ գործընկերների կողմից էական քայլերի Թբիլիսիի սպասումները, ինչպես Ուլեսը ցույց տվեց, չարդարացան: Այս պայմաններում ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ Վրաստանը ՆԱՏՕ-ից այսօր:
ՆԱՏՕ-ի հետ հետագա ինտեգրումից Վրաստանի սպասումները դրական են և իրատեսական, Վրաստանի կողմից ճանապարհային քարեզի ստացում չէր սպասվում, քանի որ ուելսյան գագաթնաժողովը նվիրված չէր ՆԱՏՕ-ի ընդլայնմանը: Վրաստանի հասարակության որոշ մասն, իհարկե, մեծ սպասումներ ուներ գագաթնաժողովից, սակայն մեր կառավարությունն, ըստ էության, հնարավոր ամեն բան արել է, որպեսզի նման սպասումներ չլինեն: Մյուս կողմից Վրաստանը ստացել է այն, ինչ կարելի է համարել ՆԱՏՕ-ին հետագա մերձեցում: Այսինքն` սերտ համագործակցություն անվտանգության ոլորտում, Վրաստանում ռազմանախապատրաստական կենտրոնի հիմնում`ՆԱՏՕ-ի տեսուչներով և որոշակի զորակազմով, որը նախապատրաստություն կանցնի վրացի զինվորականների հետ միասին և այլն: Այդ համագործակցությունը պետք է նպաստի Վրաստանի պաշտպանունակության ուժեղացմանը, ինչպես նաև, համապատասխան հռչակագրի համաձայն, ՆԱՏՕ-ի ստանդարտներին մոտեցմանը, ինչն իր հերթին կնպաստի կազմակերպությանը Վրաստանի անդամակցությանը:
Վրաստանում ՙՎրացական երազանքի՚ իշխանության գալուց հետո Մոսկվայի նկատմամբ Թբիլիսիի վերաբերմունքը փոքր-ինչ մեղմացել է, և նույնիսկ սկսվել է հարաբերությունների ջերմացում: Արդյո՞ք երկխոսության հաստատման շանսեր կան`մինչև անվտանգության ոլորտում որոշակի համաձայնագրերի համար անհրաժեշտ մակարդակը:
Չնայած Վրաստանում ՙՎրացական երազանքի՚ իշխանության գալուց հետո Մոսկվայի հետ հարաբերություններում որոշակի ջերմացմանը`ներկայում դրա ջերմաստիճանը չի հասել այն մակարդակին, որն անհրաժեշտ է Ռուսաստան-Վրաստան անվտանգության ոլորտում համաձայնագրերի համար: Ավելին, չեմ կարծում, որ մեր հարաբերություններում ՙջերմացումը՚ երբևէ հասնի վստահության այդ մակարդակին: Ամեն դեպքում ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե ինչպես կվարվի Ռուսաստանն Ուկրաինայում: Այսինքն`հենց այնտեղ է վճռվում Ռուսաստանի ճակատագիրը`կմնա այն արդյոք եվրոպական քաղաքականության ակտիվ անդամ, թե՞ կշարունակվի օտարացման գործընթացը և հարևանների նկատմա,բ վերջինիս ագրեսիվ գործողությունների էլ ավելի կակտիվանան: Այսինքն`ֆորմալ կերպով ինչ-որ համաձայնություններ, իհարկե, կարող են ձեռք բերվել, բայց քիչ հավանական է, որ դրանք գործեն:
Ուկրաինայի համար Ռուսաստան-Արևմուտք գլոբալ դիմակայությունը կարո՞ղ է արդյոք տարածվել հետխորհրդային տարածության`իրենց աշխարհաքաղաքական ընտրությունում ՙտատանվող՚ այլ երկրների տարածքի վրա:
Վրաստանը հաստատ չի տատանվում իր աշխարհաքաղաքական ընտրության հարցում: Թբիլիսին հաստատակամ է եվրաատլանտյան ինտեգրման հարցում:Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններն, իհարկե, մտահոգիչ են. մեծանում են հետխորհրդային երկրների անվտանգության սպառնալիքները: Առավել ևս`Վրաստանի և Մոլդովայի համար, որոնք Ռուսաստանից անկախ արտաքին քաղաքականության օրակարգ ունեն: Սակայն, մյուս երկրներն էլ հանգիստ ապրելու առիթ չունեն:
Օգոստոսին Նախիջևանում տեղի է ունեցել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպումը: Հանդիպումը Բաքվում հույզերի պոռթկում է առաջացրել, ինչը շրջափակում և կործանում է կանխատեսում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար:
Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միությունը հակահայկական համարելը, կարծում եմ, անընդունելի է`այն պատճառով, որ այդ միության մաս է կազմում Վրաստանը:
Ուզում եմ հավաստիացնել, որ Վրաստանը որևէ մեկի հետ չի համագործակցում ինչ-որ մեկի դեմ, առավել ևս `Հայաստանի: Վրաստանը դա չի անում նույնիսկ Ռուսաստանի դեմ, որն օկուպացնում է Վրաստանի տարածքները: Ինչ վերաբերում է հիշյալ միությանը, դուք շատ լավ գիտեք, թե ինչքան է Վրաստանը գնահատում իր հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան միջանցքը ռազմավարական կարևոր նշանակություն ունի Վրաստանի համար: Եվ, իհարկե, կարևոր է տարբեր ոլորտներում այդ երկրների հետ համագործակցությունը`հատկապես հաշվի առնելով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է:
Հայաստանը պատրաստվում է անդամակցել Եվրասիական միությանը: DCFTA ստորագրումից հետո որանքո՞վ է նպատակահարմար Վրաստանի համար ռուսական շուկայի հնարավորությունից լիակատար հրաժարումը, և տնտեսական զարգացման կողմնորոշումներում այդ տարբերությունն ինչպե՞ս կարող է անդրադառնալ Հայաստան-Վրաստան համագործակցության վրա:
Չնայած այն բանին, որ DCFTA-ի որոշակի մասն արդեն գործում է, Վրաստան-Ռուսաստան առևտրատնտեսական կապերը միմիայն ավելանում են: Այդ պատճառով տվյալ փուլում ռուսական շուկայից լիովին հրաժարվել Վրաստանը չի պատրաստվում: Ստացվում է, որ եվրոպական երկրներն իրենք չպետք է առևտուր անեն Ռուսաստանի հետ, իսկ դա չի դիտվում, եթե նկատի չունենանք ԵՄ և Ռուսաստանի փոխադարձ պատժամիջոցները: Հետևաբար`Վրաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական կապերը կարող են դադարեցվել միայն այդ երկրների ղեկավարության մոտ դրանք դադարեցնելու քաղաքական կամքի առկայության դեպքում: Ավելի ստույգ`դրանք շարունակելու քաղաքական կամքի բացակայության դեպքում: Չնայած Եվրասիական միությանը Հայաստանի սպասվող անդամակցության հետևանքով Թբիլիսիի և Երևանի միջև առաջացող նոր խոչընդոտներին`վրացիները և հայերը, հաշվի առնելով երկու երկրների շահերի համընկնումը, կարող են միասին հաղթահարել տնտեսական նոր խոչընդոտները: