«Միկա
Ցեմենտ» ՓԲԸ գործարանն առաջիկա օրերին նոր սեփականատեր կունենա: Այդ մասին
ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է գործարանի գլխավոր տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը:
Նրա ասելով, սեփականատիրոջ փոփոխությունը
նախապատրաստվում է, սակայն առայժմ այդ մասին պաշտոնապես չի հայտարարվել: Կախված
այն բանից, թե ով կլինի բաժնետեր, կլուծվի նաև գործարանի ղեկավարության հարցը:
Գլխավոր տնօրենը միևնույն ժամանակ հերքել է տեղական
ԶԼՄ-ների այն հաղորդումները, թե իբր գործարանի սեփականատեր է դարձել պաշտպանության
նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, ով խոստացել է վճարել աշխատավաձի գծով
պարտքերը և գործարկել ձեռնարկությունը: «Դա այդպես չէ, նա չի կարող դառնալ
գործարանի սեփականատեր», - ասել է Մարտիրոսյանը:
Նշենք, որ մեկ տարուց ավելի պարապուրդի մատնված «Միկա
Ցեմենտ» գործարանի աշխատողները հուլիսին բողոքի հանրահավաք էին կազմակերպել
ձեռնարկության շենքի առջև` պահանջելով վճարել իրենց աշխատավարձները: Գործարանի
նախկին սեփականատերը գործարար Միխայիլ Բաղդասարովն է: Այնուհետև «Միկա Ցեմենտի»
գույքը գրավադրվել էր «ՎՏԲ Հայաստան բանկի» վարկի գծով պարտքի դիմաց: «Միկա
Ցեմենտը» չի հրապարակել 2013 թվականի ֆինանսական հաշվետվությունը, սակայն նախորդ
հաշվետվություններից երևում է, որ ձեռնարկության պարտքերը վերջին տարիներին
սրընթաց աճել են: Այսպես, 2012 թվականին վնասը գերազանցել է 2,3 մլրդ դրամը` 2011
թվականի 22 մլն դրամի, 2010 թվականի 19 մլն դրամի և 2009 թվականի 5,6 մլն դրամի
դիմաց: