ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է Հայաստանի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու պատրաստակամության մասին՝ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում:
ՙԲազմիցս հայտարարվել է, որ եթե խաղաղարար բանակցությունները չշարունակվեն, և իրականում խոսք գնա ռազմական գործողությունների մասին, Հայաստանը համապատասխան գործողություններ կձեռնարկի՝ ներառյալ ԼՂՀ ճանաչումը՚,- խորհրդարանում հայտարարել է Նալբանդյանը՝ պատասխանելով ՙԺառանգություն՚ կուսակցությունից պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին:
Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը պաշտպանում է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամների առաջարկությունը, որում Վաշինգտոնից պահանջում են որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ ակտիվացնել գործունեությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում խաղաղության հաստատման ուղղությամբ:
«Վստահության միջոցների ամրապնդումը, լարվածության թուլացումը հակամարտության գոտում պետք է ընկած լինեն խնդրի հաստատուն կարգավորիման հիմքում: Մենք այդ բոլոր առաջարկությունները հնչեցրել ենք և կշարունակենք ջանքերը հակամարտությունը խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու ուղղությամբ», - ասվում է Ուորլիքի հայտարարությունում: