Այսօր, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ում տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն ներկայացրեց մանրամասներ իր պարտատոմսերի առաջին երկու տեղաբաշխումների մասին և հայտարարեց պարտատոմսերի երրորդ տրանշի տեղաբաշխման մասին:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի գլխավոր տնօրեն պարոն Կոնստանտին Սարոյանը բացման իր խոսքում նշեց, որ Բանկն այս տարիների ընթացքում հաջող կերպով կազմակերպել է բազմաթիվ ընկերությունների արժեթղթերի թողարկումներ և այժմ արդեն ականատես ենք լինում բանկի սեփական պարտատոմսերի թողարկմանն ու տեղաբաշխմանը:
Շնորհանդեսի ժամանակ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի գործադիր տնօրեն պարոն Գևորգ Մաչանյանը հնչեցրեց բորսայի խորհրդանշական զանգը՝ ազդարարելով բորսայի առևտրային օրվա մեկնարկը:
ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ Բանկի պարտատոմսերի 3-րդ թողարկումը ներառում է 5,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 1,000 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 8.5 տոկոս տարեկան տոկոսադրույքով և 5 տարի շրջանառության ժամկետով: Պարտատոմսերի տեղաբաշխումը տեղի կունենա բորսայի տեղաբաշխման հարթակում ս.թ. ապրիլի 27-ին:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի պարտատմոսերի 1-ին և 2-րդ տրանշները հաջողությամբ տեղաբաշխվել են բորսայի տեղաբաշխման հարթակում, որի արդյունքում ընկերությունը ներգրավել է 5 մլն ԱՄՆ դոլար: Պարտատոմսերի թողարկումից ներգարվված միջոցները բանկը նախատեսում է օգտագործել վարկերի տրամադրման և ներդրումային գործունեության համար:
Տեղաբաշխումների մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պաշտոնական կայքի՝ www.nasdaqomx.am «Նորություններ» բաժնից:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշների, Արմսվիսբանկը ակտիվները 2015 թվականի հունվարի 1-ին կազմել են 84.5 մլրդ դրամ, տարեկան աճը` 21%: Դրանց կառուցվածքով, վարկային ներդրումները կազմել են ավելի քան 45%, որոնց ծավալը կազմել է 38.1 մլրդ դրամ, տարեկան աճը`32.4%: Ընդհանուր կապիտալը կազմել է 17,9 մլրդ դրամ, պարտավորությունները` 66.6 մլրդ դրամ, տարեկան աճը` 36.9%, իսկ ժամկետային ավանդները կազմել են 29.3 մլրդ ՀՀ դրամ (գերակշռում են իրավաբանական անձանց միջոցները), տարեկան աճը`35,1%: Ներդրումների պետական պարտատոմսերում կազմել են 28.6 մլրդ դրամ, տարեկան անկումը` 4,4%, և այս ցուցանիշով բանկը գտնվում է երկրորդ տեղում: 2014 թվականը բանկը եզրափակել է 2.3 մլրդ.դրամ զուտ շահույթով (տարեկան աճը`32.4%), տեղ զբաղեցնելով լավագույն տասնյակում:
Նշենք, որ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը հիմնադրվել է որպես փակ բաժնետիրական ընկերություն 2004թ. հոկտեմբերի 7-ին և ՀՀ ԿԲ-ից ստացել է բանկային գործունեության լիցենզիա 2005թ. փետրվարի 25-ին: Բանկի բաժնետոմսերի 80%-ի սեփականատերն է հանդիսանում Վարտան Սիրմակեսը, ով շվեյցարական ժամացույցների «Ֆրանկ Մյուլլեր Ուոչլանդ» ընկերության հիմնադիրն է, իսկ 20%-ը պատկանում է Վարտան Սիրմակեսի կողմից կառավարվող «ԲԵԼԵԳԻՆԳՍՄԱՉԵՓԻՋ ՋՈՆԳՈ» ՍՊԸ–ին: Բանկը գործունեություն է ծավալում կորպորատիվ և ներդրումային ուղղություններով՝ կիրառելով փրայվիթ բենքինգի տեխնոլոգիաներ:
Հիշցնենք, որ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է: 26.01.2009թ.-ից «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ից ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի 100% բաժնետերն է: