«Էրեբունի» ռուսական ավիացիոն ռազմակայանի երիտասարդ օդաչուները մշակում են ուղղաթիռների թռիչքի և վայրէջքի հմտությունները Հայաստանի լեռներում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Ռուսաստանի հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունից, ուսումնամարզական թռիչքներին մասնակցում են հարվածային «Մի-24Պ» և տրանսպորտագրոհային «Մի-8ՄՏ» ուղղաթիռների ավելի քան 50 օդաչուներ: Չափազանց բարդ պայմաններում վայրէջքների և թռիչքների մշակումը կընթանա ցերեկային և երեկոյան ժամերին` Արագած լեռան հարթակներում, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 1,5-3,5 հազար մետր բարձրության վրա: Ուսումնավարժական թռիչքների շրջանակում օդաչուները կմշակեն նաև պայմանական հակառակորդի շարժվող շարասյուների որոնումն ու մոտոհրաձգային ստորաբաժանումների հետ փոխգործակցությունը բարձրլեռնային «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում: