«Եթե միջազգային կազմակերպությունները չեն կարողանում
հակամարտությունը կարգավորել, թող մի կողմ քաշվեն, երկու հարևան պետություններն
իրենք այդ հարցը կլուծեն»: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ, Փախստականների և հարկադրաբար տեղահանվածների
գործերի պետհանձնաժողովի նախագահ Ալի Հասանովը:
Նրա ասելով, միջազգային կազմակերպությունները պետք է
հասկանան, որ քանի դեռ Հայաստանում ռեժիմը չի փոխվել, բանակցություններն արդյունք
չեն տա:
«Քոչարյանն ու Սարգսյանն իշխանության են եկել մեր
ժողովրդի արյան վրա: Նրանք կգնա՞ն այդ հարցի լուծման: Հենց որ նրանք այդ անեն,
նրանց իշխանությանը վերջ կդրվի: ԵԱՀԿ համանախագահող երկրները սա հրաշալի հասկանում
են», - նշել է Ադրբեջանի փոխվարչապետը:
Հասանովը միջազգային
կազմակերպություններին կոչ է արել դադարեցնել խաղն Ադրբեջանի հետ: «Բավական է նման
քաղաքական խաղեր խաղալ: Եթե հայերն իրոք ցանկանում են մարդու նման ապրել,
հարևանություն անել արդբեջանցիների հետ, ապա պետք է ձերբազատվեն այդ ռեժիմից:
Հակառակ դեպքում այդ խնդիրն անլուծելի է: Ես բազմիցս միջազգային
կազմակերպություններին հայտարարել եմ, որ իրենք լավ գիտեն, թե ով է ստեղծել այդ
խնդիրը և ով է խանգարում այն լուծել: Եթե դուք ի զորու չեք այն լուծել, գնացեք,
լուծեք հայկական հարցը: Եթե չեք կարող նրանց հարցը լուծել, վախենում եք հայկական
սփյուռքից, այդ դեպքում մի կոմղ քաշվեք, առերեսեք երկու երկրներին, երկու
ժողովուրդներին, ոչ մի միջադեպ չի լինի: Ասում են, թե իբր նրանք իրար կկոտորեն:
Բայց ոչ մի նման բան չի լինի, մենք դատապարտված են հարևանության: Հողն իրենց հետ
տանել չեն կարող: Հարյուրավոր տարիներ մենք ապրել ենք որպես հարևաններ կշարունակենք այդպես ապրել», - հայտարարել է
ադրբեջանցի պաշտոնյան:
Հասանովը
նշել է, որ Սերժ Սարգսյանը հայ ժողովրդին հասցրել է չքավորության: «Մենք ամաչեցինք
նաև վերջերս Եվրախորհրդում Սերժ Սարգսյանի ելույթից: Չէ որ մենք էլ ենք Հարավային
Կովկասից», - եզրափակել է նա: