ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը պաշտպանում է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամների առաջարկությունը, որում Վաշինգտոնից պահանջում են որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ ակտիվացնել գործունեությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում խաղաղության հաստատման ուղղությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Ամերկայի հայ ազգային կոմիտեի (ANCA) մամուլի ծառայությունից, Ուորլիքը հայտարարել է, որ ԱՄՆ լիովին պաշտպանում է կոնգրեսականների նախաձեռնությունը: «Վստահության միջոցների ամրապնդումը, լարվածության թուլացումը հակամարտության գոտում պետք է ընկած լինեն խնդրի հաստատուն կարգավորիման հիմքում: Մենք այդ բոլոր առաջարկությունները հնչեցրել ենք և կշարունակենք ջանքերը հակամարտությունը խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու ուղղությամբ», - ասվում է Ուորլիքի հայտարարությունում:
ANCA գործադիր տնօրեն Արամ Համփարյանն իր հերթին հայտարարել է, թե ուրախ է տեսնել, որ Բարաք Օբամայի վ արչակազմը պաշտպանում է կոնգրեսականներ Էդ Ռոյսի Էլիոտ Էնգելի առաջարկը հակամարտության խաղաղ կարգավորման համար:
Նշենք, որ սեպտեմբերի 24-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամներ Էդ Ռոյսն ու Էլիոտ Էնգելը ստորագրահավաք էին սկսել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին ուղղված նամակի ներքո: Նամակում կոնգրեսականներն առաջարկում են երեք քայլ, որոնք, նրանց համոզմամբ, թույլ կտան կարճաժամկետ հեռանկարում ապահովել ռազմական գործողությունների դադարեցում և պահպանել կայունություն, իսկ երկարաժամկետ հեռանկարում` նպաստել տարածաշրջանում համապարփակ և կայուն խաղաղության հասնելուն: Մասնավորապես, կողմերը պետք է ստորագրեն համաձայնագիր շփման գծից դիպուկահարների հեռացման շուրջ, տեղակայեն տեխնիկա, որը կորոշի հրադադարի ռեժիմը խախտողին, ինչպես նաև ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը շփման գծի երկայնքով` հրադադարի ռեժիմի վերահսկողությունը բարելավելու համար: