Եկել է
ղարաբաղյան բանակցություններն այլ մակարդակով շարունակելու ժամանակը, հայտարարել է
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը` Երևանում կայացած մամուլի
ասուլիսում: Նա հաղորդել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար
Էդվարդ Նալբանդյանի հետ կայանալիք հանդիպումների ժամանակ կշարունակի Ուելսում ԱՄՆ
պետքարտուղար Քերիի սկսած քննարկումները:
«Հուսով եմ` հայ ժողովուրդը գիտի, թե մենք ինչ ենք
ցանկանում այդ գործընթացում: Շատ կարևոր է, որպեսզի հայ ժողովուրդն իրազեկվի մեր
քննարկումների մասին», - հայտարարել է նա` ընդգծելով բանակցային գործընթացի մասին
հակամարտող կողմերի հասարակությունների իրազեկման անհրաժեշտությունը: Նա նաև
մտահոգություն է հայտնել տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի, ինչպես
նաև ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման առնչությամբ` արտահայտելով
հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը:
«Ես հասկանում եմ, որ մարդիկ փոքր-ինչ գրգռված են, քանի
որ բանակցություններն ընթանում են 20 տարի
շարունակ, սակայն մեքն չենք ցանկանում երկու կողմի համար էլ ծանր պատերազմի կրկնում: Նման բարդ խնդրի
շուրջ բանակցությունները դյուրին չեն, սակայն ինչպես արդեն նշեցի, այժմ այդ գործընթացում
կա լուսավոր պատուհան», - հայտարարել է Ուորլիքը:
Նրա ասելով, եկել է նոր մակարդակի բանակցությունների
ժամանակը: «Այսօր պետությունների ղեկավարների կամ արտգործնախարարների հազվադեպ
հանդիպումներն արդեն բավական չեն: Անհրաժեշտ է
սկսել նոր պաշտոնական բանակցություններ, այսինքն, կողմերը պետք է որոշեն
դրանց ձևաչափը, իսկ մենք պատրաստ ենք նրանց աջակցել», - հավաստիացրել է համանախագահը,
հավելելով, որ միջնորդները չեն ցանկանում կանխորոշել այդ գործընթացի վերջնական
արդյունքը: Նրա ասելով, չափազանց կարևոր է, որպեսզի երկու նախագահները հանդիպեն և
շարունակեն բանակցությունները, քանի որ հարցի վերջնական լուծումը հնարավոր է
միայն պետությունների ղեկավարների
մակարդակով, և դրա համար պատասխանատվություն պետք է ստանձնեն հենց նախագահները:
«Չկա այնպիիս հարց, որը քննարկման ենթակա չէ, մենք
ցանկանում ենք, որեպսզի բոլոր հարցերը քննարկվեն նախագահների և արտգործնախարարների
մակարդակով», - հայտարարել է Ուորլիքը, հավելելով, որ միջնորդներն աշխատում են
կողմերի հետ` Քարնեգի հիմնադրամում քննարկված 6 դրույթների շուրջ
փոխհամաձայնության հասնելու համար: Նա նաև ընդգծել է երկու ղեկավարների կողմից
հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը` ընթացիկ տարվա հուլիս-օգոստոս
ամիսներին հակամարտության գոտում տեղի ունեցած դեպքերի կրկնումից խուսափելու
նպատակով: «Կողմերը պետք է պահպանեն հրադադարը, քանի որ իրավիճակի սրումը չի
հանգեցնում մեզ համար ցանկալի լուծման: Եթե մենք ցանկանում ենք տևական
խաղաղություն, պետք է հասնենք հայերի և ադրբեջանցիների միջև վստահության, այդպիսով
իսկ կարելի է հասնել առաջընթացի», - հավաստիացրել է միջնորդը:
Նա նաև հավաստիացրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի
նախագահները ցանկանում են խաղաղություն և բարօրություն իրենց ժողովուրդների համար:
«Ես միշտ ասել եմ, որ խաղաղությունը Հայաստանին
կբերի բարեկեցության նոր ալիք», -
նշել է Ուորլիքը:
Նա
հրաժարվել է կանխատեսել Ալիևի և Սարգսյանի Փարիզում կայանալիք հանդիպման
արդյունքները, միայն ընդգծելով այն բանի կարևորությունը, որպեսզի նրանք ինչ-որ
արդյունքի հասնեն: Ուորլիքն ընդգծել է, որ հիմնական խնդիրը կողմերի
անվստահությունն է միմյանց նկատմամբ. Բայց հենց նախագահների հանդիպումների միջոցով
այդ խնդիրը կարելի է լուծել: