Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` հայերի հետ համատեղ ապագա կառուցելու
կոչը նողկալի երեսպաշտություն է: Այդ մասին ասվում է «Ամերիկայի հայկական
համագումարի» հայտարարության մեջ:
Կազմակերպությունը նշում է, որ Էրդողանն, ըստ էության,
Հայոց ցեղասպանության սարսափելի իրողությունը ներկայացրել է այն
իրադարձությունների էպիզոդի լույսի ներքո, որոնց բախվել են օսմանյան մյուս ազգերը:
«Անկարան պետք է հաշտվի այն փաստի հետ, որ ցեղասպանության համաշխարհային ճանաչումն
ու դատապարտումն անդառնալի գործընթաց է և ընդամենը` ժամանակի հարց: Ուստի
Թուրքիայի վարչապետի հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ յուրօրինակ
«խոստովանանք»` համաշխարհային հասարակայնության ահագնացող ճնշման ներքո», -
ընդգծել է ԱՀՀ:
Համանման հայտարարությամբ է հանդես եկել նաև Հայ դատի
ամերիկյան կոմիտեն: Հայտարարությունում ասվում է, որ Էրդողանի հայտարարությունը
վկայում է Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը շարունակելու և Ցեղասպանության
միջազգային ճանաչմանը խոչընդոտելու Թուրքիայի մտադրության մասին: «Սակայն ինչպես
միջազգային օրենքները, այնպես էլ փաստերն Անկարայի դիրքորոշման օգտին չեն: Որքան
էլ այդ երկիրը փորձի թաքցնել իրականությունը, այն հայտնի է ողջ աշխարհին, և
Ցեղասպանության ճանաչումն անխուսափելի է», - նշել է Կոմիտեն:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 23-ին խորհրդարանի նիստում ցավակցություն է
հայտնել Հայոց ցեղասպանության զոհերի թոռներին` Մեծ եղեռնը որակելով «20-րդ դարի
սկզբի իրադարձություններ»: