Հունիսի 30-ին Ռոստելեկոմը և ZTE կորպորացիան պաշտոնապես հայտարարեցին Հայաստանում ռազմավարական համագործակցության մասին:
Այդ նպատակով «Հաղորդակցություն ոլորտի բարեփոխուման նպատակով» խորագիրը կրող միջազգային ֆորումի շրջանակներում կազմակերպված մամլո ասուլիսի ընթացքում, մասնավորապես նշվեց, որ համագործակցությունն իրականացվելու է IPTV/OTT (Over the Top) ինտերակտիվ պլատֆորմի ձևավորման, ամպային նորագույն տեխնոլոգիական լուծումների (Cloud Technologies), տվյալների փոխանցման գերհզոր համակարգերի ներդրման ու զարգացման շուրջ, որոնք աննախադեպ են հայաստանյան շուկայում: Շատ շուտով Ռոստելեկոմը կգործարկի իր IPTV/ОТТ ինտերակտիվ պլատֆորմը նոր լուծումներով ու ծառայություններով։
«Նշված տեխնոլոգիաների շնորհիվ ամենաարդիական լուծումները հասանելի կդառնան Ռոստելեկոմի հայաստանյան սպառողներին և հնարավորություն կընձեռեն վայելելու ողջ աշխարհում արդեն իսկ տարածված ծառայություններն ու հնարավորությունները հեռուստացույցի էկրանից: Ռոստելեկոմը հավատարիմ է մնում իր որդեգրած հաճախորդամետ քաղաքականությանը և շարունակում է խոշոր ներդրումներ իրականացնել բաժանորդների համար առավել բարձրորակ ու հարմարավետ ծառայությունների մատուցման ուղղությամբ,» - մամլո ասուլիսի ժամանակ նշեց Ռոստելեկոմ Հայաստանի Գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:
ZTE կորպորացիան հանդիսանում է աշխարհի խոշորագույն ՏՏ և հեռահաղորդակցության լուծումներ արտադրողներից մեկը։ Կորպորացիան իր IP հեռուստատեսության լուծումներով համարվում է համաշխարհային առաջատար և համակարգը ներդրված է ավելի քան 20 երկրներում շուրջ 18 մլն բաժանորդներով։ Այդ երկրների թվում են ԱՄՆ, Չինաստանը, Շվեյցարիան, Բուլղարիան, Բելառուսը, Սինգապուրը, Ինդոնեզիան, ԱՊՀ մի շարք երկրներ։
«ZTE կորպորացիայի անունից ուրախ եմ տեղեկացնել, որ համագործակցում ենք Ռոստելեկոմի հետ և ընկերության հիմնական մատակարարն ենք հանդիսանում IP հեռուստատեսության, ամպային և տվյալների փոխանցման գերարագ ցանցային լուծումների ուղղություններով։ Ռոստելեկոմը հայաստանյան ամենադինամիկ ու ամենաարագ աճող օպերատորն է և շուտով մենք հանրությանը կներկայացնենք մեր համատեղ տեխնոլոգիական լուծումները, որոնք աննախադեպ են շուկայում։», —նշեց ZTE կորպորացիայի ԱՊՀ գծով փոխնախագահ Չյանգ Յոնգը։
Ընկերությունը համարվում է հեռահաղորդակցության ծառայությունների առաջնակարգ և ամբողջական շղթա ունեցող արտադրողն աշխարհում ինչպես անլար և հիմնական ցանցային համակարգերի (Wireless and Core Network), տվյալների օպտիկական փոխանցումների (data optical transmission), ամպային տեխնոլոգիաների մշակման և ներդրումների, այնպես էլ մի շարք այլ ուղղություններով:
Հիշեցնենք, որ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ և «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» խումբը (www.rtarmenia.am) հանդիսանում է ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը: 2012թ. փետրվարից ընկերությունը դարձավ «Ռոստելեկոմ» ԲԲԸ ընկերությունների խմբի մասը, իսկ 2012-ի դեկտեմբերից հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս: «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում:
Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում:
Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝ Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի "BBB-" մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն "BB+" է: