ՀՀ կառավարությունն քննարկել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հրանտ Բագրատյանի և Խաչատուր Քոքոբելյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ օդային օրենսգրքի նախագիծը:
Կառավարության եզրակացության համաձայն՜ օրենսգրքի նախագիծն իրավական կարգավորման առումով թերի է և այս տեսքով չի կարող կարգավորել ՀՀ օդային տարածքի օգտագործման, քաղաքացիական ավիացիայի գործունեության հետ կապված հիմնական նորմերը և հարաբերությունները: Բացի այդ, նախագիծն առարկայական չէ, չի բովանդակում նախագծում նշված ինստիտուտներին վերաբերող ընթացակարգային նորմեր: Նախագծում հստակեցված չեն դրա կարգավորման առարկան և նպատակը, սահմանված չէ կիրառվող հասկացությունների և տերմինների բովանդակությունը: Ավելին, նախագծի մի շարք դրույթներ չեն համապատասխանում կամ հակասում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) պահանջներին և չափորոշիչներին, հստակ սահմանված չեն նախագծի կարգավորման առարկան, ավիացիոն գործունեության հասկացությունը: Կան նաև ներքին հակասություններ, ՀՀ օրենսդրությամբ չնախատեսված կամ հստակեցման և պարզաբանման կարիք ունեցող դրույթներ: Հանգամանորեն շարադրելով բոլոր առարկությունները, գործադիրը դեմ է արտահայտվել նախագծին և բացասական եզրակացություն տվել: Միաժամանակ նշվել է, որ ներկայումս իրականացվում է ՀՀ ավիացիայի ոլորտը կանոնակարգող օրենսդրական դաշտի վերլուծություն՝ մասնավորապես Եվրամիության Ավիացիոն ընդհանուր գոտուն միանալու նպատակով ՀՀ օրենսդրական դաշտը ԵՄ օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով, և կառավարությունը պատրաստակամություն է հայտնել համագործակցել նախագծի հեղինակների հետ՝ օրենսդրական դաշտում իրականացվելիք փոփոխությունների ուղղությամբ կատարվելիք աշխատանքում: Օրենսգրքի նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Նշենք, որ ավիացիոն ոլորտի մասնագետներն արդեն վաղուց հանդես են գալիս ավիացիայի վերակագնման առաջարկով, ինչը ենթադրում է առաջին հերթին ՀՀ օդային օրենսգրքի ընդունում: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Դմիտրի Աթբաշյանը, Հայաստանի քաղավիացիայում խնդիրները ոչ այսօր են սկսվել, ոչ էլ երեկ, այլ շատ վաղուց` 2003թ.-ից: ՙՄինչև 2003 թվականը Հայաստանում գործել է ԽՍՀՄ օդային օրենսգիրք, և մենք ունեինք զարգացած քաղավիացիա: Այնուհետև գործեց Հայաստանի ավիացիոն ոլորտի վերաբերյալ օրենսդրությունը՚,- հայտարարել է նա: ՀՀ Հանրային խորհրդի օդային տրանսպորտի հարցերի ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելլա Մուրադյանի խոսքով, Հայաստանի քաղավիացիայի ոլորտում ներկայիս խառնաշփոթության պատճառն Օդային օրենսգրքի բացակայությունն է: Նրա խոսքով, Հայաստանը միակն է ԱՊՀ երկրների թվում, որը չունի Օդային օրենսգիրք, և քաղաքացիական ավիացիայի ոլորտում հարաբերությունները ոչ բավարար չափով կարգավորվում են միայն ՙԱվիացիայի մասին՚ օրենքով: Ենթահանձնաժողովի փոխնախագահն անընդունելի է համարել, երբ մինչև 2025 թ. քաղաքացիական ավիացիայի ոլորտի զարգացման ծրագիրը կազմում է Տրանսպորտի և կապի նախարարությունը, իսկ դրա կատարման համար պատասխանատու է համարվում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը: