Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդի համար
կասկածվող Վալերի Պերմյակովը չի կարող հանձնվել հայկական կողմին, քանի որ
Ռուսաստանի քաղաքացի է: Այդ մասին ասվում է Ռուսաստանի գլխավոր դատախազության`
«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ուղարկված պատասխան նամակում:
Հունվարի 20-ին Փոստանջյանը բաց նամակ էր հղել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային, որում
պահանջել էր Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնել Վալերի Պերմյակովին:
Հիշեցնենք,
որ հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության համար
մեղադրվում է ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը, որը մինչ
օրս գտնվում է ռազմակայանում, իսկ գյումրեցիները պահանջում են նրան հանձնել
Հայաստանի արդարադատությանը: Փետրվարի սկզբին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը
նամակ էր հղել Ռուսաստանի իր պաշտոնակից Յուրի Չայկային, որպեսզի հանցագործին
հանձնեն Հայաստանի արդարադատությանը: Սակայն ռուսական կողմից պատասխան չէր
ստացվել: