Ամռանը
կավարտվի Մինասի և Ռաֆայել Աթոյանի որմնանկարների վերականգնումը: Այդ մասին
ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հաղորդել
է Մինասի հիմնադրամի տնօրեն, նկարչի որդի Արման Ավետիսյանը:
Մինասի «Հայաստան» որմնանկարի վերականգնման եզրափակիչ
փուլը մեկնարկում է առաջիկա օրերին: Եղանակային վատ պայմանների, ինչպես նաև
տեխնիկական խնդիրների առնչությամբ
վերականգնողական աշխատանքների ժամկետները փոքր-ինչ երկարաձգվել են: Այդպիսով,
բոլոր նախատեսված աշխատանքները կավարտվեն մայիսի վերջին` ամռան սկզբին:
Դրան զուգընթաց կիրականացվի նաև Ռաֆայել Աթոյանի
որմնանկարի վերականգնումը, որը հետագայում նախատեսվում է զետեղել Շիրակի մարզային
գրադարանում: Այսօրվա դրությամբ Աթոյանի որմնանկարը նախկին էլեկտրատեխնիկական
գործարանի շենքում է:
Այնքան էլ պարզ չէ Հակոբ Հակոբյանի որմնանկարի
ճակատագիրը, որը գտնվում է նախկին հաստոցաշինական գործարանում: Ավետիսյանի ասելով,
գործարանն սկսել էր առաջ քաշել ֆինանսական պահանջներ: Միևնույն ժամանակ գտնվել է
ելք ոչ դյուրին իրավիճակից. Հակոբ Հակոբյանի որմնանկարը նախատեսվում է ներառել պետական հուշարձանների
ցանկում: