Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմը համոզված է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհ չկա:
«Հայ գործընկերոջս հետ հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք ղարաբաղյան կարգավորումը, ինչը մեզ թույլ տվեց ավելի լավ հասկանալ այդ հարցի նկատմամբ հայկական կողմի դիրքորոշումը: Կարծում ենք, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի իրավիճակի սրում թույլ չտանք, և ամեն ջանք գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հակամարտության լուծում գտնելու համար», - նշել է նա` փետրվարի 9-ին Երևանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Եվ այդ համատեքստում Շվեդիայի արտգործնախարարը կողմերին կոչ է արել աշխատել հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Միևնույն ծամանակ Վալստրյոմը հաղորդել է, որ այսօրվա այցի ընթացքում ստորագրվել է Հայաստանի և Շվեդիայի միջև կրկնակի հարկման վերացնման վերաբերյալ համաձայնագիր, ինչը լրացուցիչ խթան կդառնա երկկողմ համագործակցության զարգացման և ամրապնդման համար: «Անշուշտ, մենք քննարկել ենք նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, և ողջունում ենք Հայաստանի և Եվրամիության միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցույթունների մեկնարկը», - նշել է նա: Շվեդիայի արտգործնախարարը նաև ընդգծել է, որ Շվեդիան կշարունակի պնդել ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի իրագործման շարունակում, որն այսուհետև կիրականացվի նախագծի անդամ երկրներից յուրաքանչյուրի նկատմամբ դիֆերենցված մոտեցմամբ, հաշվի կառնվի յուրաքանչյուր երկրի` «ավելին` հանուն ավելի շատի» սկզբունքով աշխատելու պատրաստակամությունը:
Հայաստանի արտգործնախարարն իր հերթին նշել է, որ հանդիպման ընթացքում հնարավորություն է եղել շարունակելու հայ-շվեդական բազմաբովանդակ երկխոսությունը: Նալբանդյանի ասելով, Հայաստանն ու Շվեդիան կարևորում են երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացումը, որոնք հատկապես աշխուժացել են Երևանում և Ստոկհոլմում երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունների բացումից հետո: «Մենք քննարկեցինք առևտրատնտեսական, կրթական, գիտական, մշակույթի և առողջապահության ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները: Պայմանավորվել ենք կատարելագործել ներդրումների խթանման իրավապայմանագրային հիմքը: Այդ առնչությամբ ընդգծվել է գույքի և եկամուտների կրկնակի հարկման վերացման շուրջ այսօր ստորագրված համաձայնագրի կարևորությունը», - նշել է նա, հավելելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: