Այն ժամանակ զինդատախազ, ներկայումս Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կատարել է հանցագործություն` պարտակելով ոչ միայն Ավետիք Բուդաղյանի սպանության փաստը, այլև սպանությունը կատարողին:
Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: ՙՍուրիկ Խաչատրյանը ոչ միայն քնած չի եղել, այլ պատուհանից կանչել է Ավետիք Բուդաղյանին եւ երբ նա կանչին արձագանքելով ետ է գնացել՝ սառնասրտորեն սպանել է նրան՚,- հավաստիացրել է Փաշինյանը`ընդգխելով, որ Սյունիքի մարզպետի պաշտոնում Խաչատրյանի վերանշանակումն ապտակ է ոչ միայն սյունիքցիներին, այլ նաև ողջ հայ ժողովրդին: ՙԲայց ես կոչ եմ անում սյունիքցիներին չհիասթափվել, մենք կազատենք Սյունիքը և Հայաստանը Լիսկայից ու լիսկայական բանդաներից՚,- հայտարարել է նա:
Նշենք, որ Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետի պաշտոնից հեռացվել էր իր տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի հետևանքով, որի ժամանակ սպանվել էր ձեռներեց Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը` ԼՂՀ պաշտպանության բանակի գնդապետ Արտակ Բուդաղյանը, վիրավորվել էր: Բուդաղյաննեի վրա կրակել էին Սուրեն Խաչատրյանի որդին ու թիկնապահը, սակայն դատարանը որոշեց գործը կարճել և ազատ արձակել նրանց: