Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսով այցը Հայաստան մեկնարկում է հունիսի 24-ին, ժամը 15:00-ին: Այդ մասին մամուլի ասուլիսում հաղորդել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նախագահական սրահում Սրբազան քահանայապետին կդիմավորի երիտասարդ կատարողների երգչախումբը` ավանդական լավաշով և ծիրանով: Այնուհետև հենց այնտեղ կկայանա Քահանայապետի զրույցը նախագահ Սարգսյանի և Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հետ, ինչից հետո Հռոմի պապը կմեկնի Մայր աթոռ Ս. Էջմիածին. Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը: Նույն օրը երեկոյան Սրբազան քահանայապետը ՀՀ նախագահի նստավայրում հանդիպում կունենա նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ապա նրանք հանդես կգան հայտարարությամբ ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար:
Այցի առաջին օրը կամփոփվի Մայր աթոռ Ս. Էջմիածնում Ֆրանցիսկոս Պապի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի հանդիպմամբ: Սրբազան Քահանայապետի կեցավայրը Հայաստանում լինելու է Մայր Աթոռը:
Հունիսի 25-ի առավոտյան Սրբազան քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան: Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այնուհետև Ամենայն հայոց կաթողիկոսի հետ կմեկնի Գյումրի, որտեղ Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցվի Վարդանանց հրապարակում: Գյումրիում Հռոմի Պպպը նաև կայցելի Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստան, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Յոթ Վերք Ս. Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե Մայր Տաճար: Նույն օրը երեկոյան Երևանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն և Խաղաղության աղոթք: Հունիսի 26-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Հռոմի սրբազան քահանայապետը հանդիպում կունենա Հայ Կաթողիկե եպիսկոպոսների հետ, կմասնակցի Ս. Պատարագի արարողությանը և էկումենիկ ճաշկերույթի՝ Ամենայն հայոց կաթողիկոսի, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների, Հայ Կաթողիկե արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների ու պապական պատվիրակության հետ: Ապա Ֆրանցիսկոս Պապը հանդիպում կունենա Հայ Եկեղեցու պատվիրակների և բարերարների հետ: Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսը կստորագրեն համատեղ հայտարարություն: Հովվապետերը նաև աղոթք կմատուցեն Խոր Վիրապի վանքում: Նույն օրը Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Երևանից կմեկնի Հռոմ:
Սարգսյանի ասելով, Հռոմի պապի այցի առթիվ «ՀայՓոստը» կթողարկի նամականիշ, որի պաշտոնական մարման արարողությունը կայանալու է ժամանման օրը՝ հունիսի 24-ին: Այդ օրը նաեւ թողարկվելու է Կենտրոնական բանկի կողմից հատած հատուկ հուշամեդալ: Նախագահի աշխատակազմի ղեկավարը նաև տեղեկացրել է, որ ստեղծվել են մամուլի կենտրոններ, որպեսզի բոլոր լրագրողները հնարավորություն ունենան լիարժեք տեղեկատվություն ստանալ վեց լեզվով: Բոլոր միջոցառումները հեռարձակվելու են հայկական հետուստաալիքների ուղիղ եթերով: Սարգսյանի հավաստմամբ, այցը լուսաբանելու համար հավատարմագրվել են տարբեր երկրների ավելի քան 600 լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Հռոմի պապի այցի առնչությամբ մայրաքաղաքի և հանրապետության այլ քաղաքների բազմաթիվ փողոցներ փակ կլինեն: