ԱՄՆ-ը ցանկանում է հնարավորինս շարունակել խթանել հայ և թուրք ժողովուրդների հաշտեցումը, այս մասին հրաժեշտի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը:
ՙԱյդ հարցի առնչությամբ իմ ամենամեծ հիասթափությունն այս տարիներին հայ-թուրքական արձանագրություններն էին: Երբ նոր էի Հայաստան եկել, նախորդ դեսպան Մարի Յովանովիչը շատ ոգևորված էր արձանագրությունների ստորագրմամբ: ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ևս ներգրավված էր գործընթացում և մեծ ուշադրություն էր հատկացնում այդ հարցին: Եվ մենք ակնկալում էինք, որ դա, վերջիվերջո, թույլ կտա բացել սահմանները և դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Սակայն, այդ ճահճացումը և առաջընթացի բացակայությունը հուսախաբ արեցին՚,-նշել է դիվանագետը: Ըստ որւոմ, նա ավելացրել է, որ ԱՄՆ-ը ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ՀՀ նախագահի համարձակ քայլը:
Միաժամանակ Հեֆֆերնը նշել է, որ թե’ Պետդեպարտամենտը, թե’ Հայաստանում ու Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունները կշարունակեն ջանքեր գործադրել Հայաստանի և Թուրքիայի ժողովուրդների հաշտեցմանը աջակցելու համար:
Հիշեցնենք, որ 2009 թ. հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի ԱՆ ղեկավարները ՙԵրկկողմ հարաբերությունների զարգացման՚ և ՙԵրկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու՚ մասին արձանագրություններ են ստորագրել, որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարաններում: 2010 թ. ապրիլի 22-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առկախել է վավերացման գործընթացը, քանի որ Թուրքիան, խախտելով պայմանավորվածությունները, մի շարք նախապայմաններ է առաջադրել: