Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը «Ոսկե արծիվ» մրցանակ է ստացել` որպես տարվա լավագույն ֆիլմ:
Պարգևատրման արարողությունը կայացել է նախորդ օրը Մոսկվայում: Հաղթողներին ընտրում է Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ազգային ակադեմիան:
Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Ստանիսլավ Գովորուխինը` «Հրաշալի դարաշրջանի ավարտը» ֆիլմի համար, լավագույն դերասան է ճանաչվել Ֆյոդոր Բունդարչուկը` «Ուրվականը» ֆիլմի համար, լավագույն դերասանուհի` Յուլիա Պերեսիլդը` «Ճակատամարտ Սևաստոպոլի համար» ֆիլմի համար:
Հիշեցնենք, որ 2015 թվականին Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմն արժանացել էր ռուսական «Կինոտվար» 16-րդ բաց կինոփառատոնի գլխավոր մրցանակին և կինովարձույթի ժյուրիի մրցանակի: Աննա Մելիքյանը ներկայացվել է նաև կինոքննադատության և կինոմամուլի «Սպիտակ փիղ» ազգային մրցանակաբաշխության «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում` «Սիրո մասին» ֆիլմի համար: Ժապավենը նաև ներկայացվել է «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում (Ռենատա Լիտվինովա և Մարիա Շալաևա): Ռուսաստանի կինոգետների և կինոքննադատների գիլդիայի փորձագիտական հանձնաժողովի քվեարկության արդյունքները կհրապարակվեն փետրվարին կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ:
Աննա Մելիքյանը ծնվել է 1976 թվականի փետրվարի 8-ին, Բաքվում, սակայն մեծացել է Երևանում: 17 տարեկանում տեղափոխվել է Մոսկվա: 1999 թվականին ուսանողական աշխատանքի համար նկարահանել է «Պոլիտելի» ֆիլմը` Նելի Ուվարովայի դերակատարությամբ: 2000 թվականին նկարահանված «Ցպահանջ» կարճամետրաժ ֆիլմը գնել են Հռոմի և Մելբուրնի կինոթանգարանները: Առաջին լիամետրաժ ֆիլմը եղել է «Մարսը», որի պրեմիերան կայացել է 2004 թվականին Բեռլինի կինոփառատոնի ժամանակ: Երկրորդ լիամետրաժ ֆիլմը` «Ջրահարսը», լավագույն ռեժիսուրայի համար մրցանակ է ստացել Սանդենս կինոփառատոնում և 2008 թվականին Ռուսաստանի կողմից ներկայացվել է Օսկարի:
2014 թվականին Աննա Մելիքյանը «Կինոտավր» փառատոնում լավագույն ռեժիսոր է ճանաչվել «Աստղ» ֆիլմի համար: Բացի այդ, այդ ֆիլմում դերակատարման համար լավագույն դերասանուհու պարգևի է արժանացել Սևերիա Յանուշաուսկայտեն: