Վերջին օրերին ԱԺ պատգամավորների շրջանում քննարկվում է Հայաստանի արտաքին պարտքը մի քանի օլիգարխների և երկրորդ
նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից մարելու հնարավորությունը: Այդ մասին
գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: Հաղորդվում է, թե իբր Քոչարյանը մտադիր է մի քանի հայ մեծահարուստների հետ «փակել» արտաքին պարտքը, որպեսզի պետությունն այսուհետև պարտք լինի իրենց: Իբրեւ Քոչարյանի հնարավոր «գործընկեր» շրջանառվում է «Տաշիր Գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի անունը:
«Ժողովուրդը» նշում է, որ առայժմ հայտնի չէ, թե որքանով են իրատեսական այդ լուրերը, և ինչպես են վարվելու Հայաստանի «նոր պարտքատերերը»` նման
սցենարի իրագործման դեպքում: Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը,
միևնույն ժամանակ, հայտարարել է, թե առաջին անգամ է նման բան լսում և չի կարծում, որ դա կարող
է իրականությանը համապատասխանել:
Հիշեցնենք. Հայաստանի արտաքին պարտքը կազմում է շուրջ 4,3 մլրդ դոլար: