Երևանի քաղաքապետարանում ներկայացվել են մայրաքաղաքում նոր աղբավայրի կառուցման և հին աղբավայրի մեկուսացման բնապահպանական ու սոցիալական ազդեցության ուսումնասիրության առաջին փուլի արդյունքները, որն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև համագործակցության շրջանակում՝ ՎԶԵԲ-ի միջոցներով, ավստրիական ՙBernard Ingenieure՚ խորհրդատվական ընկերության կողմից:
Հանդիպման շրջանակում խորհրդատվական թիմի ղեկավար Կարլ Գրազն ու խորհրդատու Հեննինգ Վեֆելնբերգը ներկայացրել են ուսումնասիրության արդյունքում գործող աղբավայրում առկա հիմնախնդիրներն ու ինչպես նաև նոր աղբավայրի կառուցման համար նախնական ընտրված տեղանքում կատարված վերգետնյա և ստորգետնյա նախնական հետազոտությունները: Անդրադառնալով բուն աղբավայրին՝ նշվել է, որ կենցաղային և արտադրական անվտանգ թափոնների համար շուրջ 29 հեկտար տարածքում 60 մ խորությամբ նախատեսված նոր աղբավայրը բաժանված կլինի 5 գոտիների: ՙՄեր ուսումնասիրության նախանական արդյունքները որոշ չափով արդեն իսկ ուրվագծում են ներկա իրավիճակը: Նոր աղբավայրն էապես կբարձրացնի մարդկանց կենսամակարդակն ու, անշուշտ, կունենա իր բնապահպանական մեծ նշանակությունը: Հաշվի առնելով նոր աշխատատեղերի ստեղծումը՝ այն նաև սոցիալական կարևոր ծրագիր է՚,-նկատել է Կարլ Գրազը:
Խոսելով տարածքի մակերեսային հատվածի բնապահպանական նպատակահարմարության մասին՝ նշվել է, որ այն համապատասխանում է չափորոշիչներին և, ընդ որում, աղբավայրի համար ընտրված տարածքում չկան ծառեր և թփեր: Կառուցվելիք աղբավայրը կունենա մի շարք ենթակառուցվածքներ՝ կլինի ամբողջությամբ ցանկապատված, կունենա նոր ճանապարհներ, համապատասխան լուսավորություն: Այն նաև կհերմետիկացվի և կստեղծվի ջրային հատուկ ավազան: Գազի արտանետումներն էլ ձևավորված հատուկ համակարգի շնորհիվ չեն վնասի շրջակա միջավայրին: Աղբավայրում կապահովվի նաև ոռոգման համակարգ և մշտապես խոնավ միջավայր:
ՀՀ օրենսդրության պահանջներին համաձայն՝ տվյալ նախաձեռնության հիմնադրույթային փաստաթուղթը կներկայացվի ՀՀ բնապահպանության նախարարության նախնական փորձաքննության, որի արդյունքում կհստակեցվեն ծրագրի իրականացման հիմնական ազդեցությունները շրջակա միջավայրի վրա: Այնուհետ ամբողջական փաթեթը կներկայացվի հանրային քննարկման: