Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը հակված չէ զուգահեռներ անցկացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ղրիմի միջև Եվրասիական տնտեսական միությանն անդամակցման համատեքստում: Այդ մասին նա հայտարարել է հանձնաժողովի 25-րդ նիստից հետո մամուլի ասուլիսի ժամանակ:
Լրագրողները նրանից հետաքրքրվել են, թե ինչու Ռուսաստանը ԵԱՏՄ մեջ է մտնում Ղրիմի հետ միասին, մինչդեռ Հայաստանը մտադիր է ինտեգրացիոն այդ կառույցին մասնակցել առանց Արցախի:
ՙՀասկանում եմ, որ Լեռնային Ղարաբաղը շատ ցավոտ հարց է Հայաստանի համար, բայց ի տարբերություն Ղարաբաղի`Ղրիմը հանրաքվեի միջոցով Ռուսաստանի կազմի մեջ մտնելու որոշում է կայացրել: Ինչ վերաբերում է Ղարաբաղին, կարծում եմ, անհրաժեշտ է սկզբում հստակ որոշել վերջինիս կարգավիճակը ու հետո քննարկել ձեր բարձրացրած հարցը՚,- ասել է Ռիժկովը լրագրողներին: Նրա խոսքով, ինքն ուրախ կլինի տեսնել Ղարաբաղը ԵԱՏՄ կազմում կարգավիճակի որոշումից հետո:
Մեկնաբանելով նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինությունների մատակարարումները`Ռիժկովը հայտարարել է, որ բազմիցս հանդես է եկել այդ առնչությամբ ու հիմա ընդամենը պետք է կրկնի, որ ինքը չգիտի, թե ինչու է Մոսկվան զենք վաճառում Բաքվին: ՙԱսեմ միայն, որ Դաշնության խորհուրդը սպառազինությունների մատակարարումների վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել՚,- նշել է նա: