Զինված ուժերը պետք է պահպանեն քաղաքական չեզոքություն, հետևաբար, զինծառայողները պետք է զբաղվեն իրենց գործով, այլ ոչ թե` քաղաքականությամբ: Փետրվարի 9-ին այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` մեկնաբանելով նախկին պայմանագրային զինծառայող Տիգրան Մազմանյանի այն մեղադրանքը, թե իր հետ պայմանագիրը լուծել են իր քաղաքական հայացքների պատճառով:
«Տիգրան Մազմանյանն զբաղվում էր քաղաքականությամբ, սակայն զինված ուժերը պետք է պահպանեն քաղաքական չեզոքություն: Իսկ զինծառայողները պետք է զբաղվեն իրենց գործով: Նա այդ մասին նախազգուշացվել է և սեփական ցանկությամբ լքել բանակը: Չեմ կարծում, որ Մազմանյանը հիմք ունի ինչ-որ բանում մեղադրելու երկրի զինվորական ղեկավարությանը», - նշել է նախարարը:
Անդրադառնալով լրագրողնների այն դիտողությանը, որ Օհանյանը նույնպես մասնակցել է քաղաքական գործընթացներին և, նույնիսկ, քարոզում էր սահմանադրական բարեփոխումները, նախարարը հայտարարել է. «Ես քաղաքական թիմի ներկայացուցիչ եմ և քարոզարշավի շրջանակում ներկայացրել եմ, թե ինչպիսին է անվտանգության համակարգը և ինչպիսին կլինի բարեփոխումներից հետո: Սակայն ես ինքս ոչինչ չեմ քարոզել»:
Ավելի վաղ պայմանագրային զինծառայող Տիգրան Մազմանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր, որ իր հետ պայմանագիրը լուծել են իր քաղաքական հայացքների պատճառով: Ավելին, նա հայտարարիել էր, որ դա արել է անձամբ նախարար Սեյրան Օհանյանը: