Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է ղարաբաղյան հակամարտությունը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում լուծելու անհրաժեշտության և այլ ատյաններում այդ հարցի քննարկման անընդունելիության վերաբերյալ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությանը:
Ինչպես հաղորդում է «Տրենդը», Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը Նալբանդյանին մեղադրել է ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների ղեկավարների Ակվիլի, Միսկոկի, Դովիլի, Լոս Կաբոսի և Էնիսկելենի հայտարարությունները և Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները «նենգափոխելու» համար:
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև հիշատակել է 1993 թվականին ՄԱԿ ընդունած բանաձևերը: «Հայաստանը, անհարգալից վերաբերմուքն դրսևորելով միջազգային հանրության դիրքորոշման նկատմամբ և կոպտորեն խախտելով միջազգային ճանաչում ստացած իրավական նորմերն ու սկզունքները, շարունակում է առկա ստատուս-քվոյի ամրապնդմանն ուղղված ջանքերը, պնդելով իր անիրատեսական զավթողական նկրտումները` փոխելով ֆիզիկական, ժողովրդագրական և մշակութային անվանումները օկուպացված տարածքներում: Սետղծված իրավիճակի համար պատասխանատվությունը լիովին ընկնում է Հայաստանի վրա», - հայտարարել է Հաջիևը:
Նշենք, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն «Առավոտ» օրաթերթում հրապարակված հարցազրույցում ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ղեկավարների հինգ հայտարարությունների հիման վրա կարգավորելու անհրաժեշտությունը: Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի դիրքորոշումը միանգամայն համընկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այն դիրքորոշմանը, որ այլ միջազգային կառույցներ, կազմակերպություններ չպետք է որևէ քայլ ձեռնարկեն, որը կարող է խոչընդոտել խաղաղ կարգավորման գործընթացը, և, որը, հատկապես, կարող է սրել լարվածությունը տարածաշրջանում: «Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման քննարկումները տեղափոխել այլ հարթակներ։ Սակայն միակ ձևաչափը, որն ունի միջազգային հանրության մանդատը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն է», - ընդգծել է Նալբանդյանը: