ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ընկերության աշխատակիցները և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմը Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում մասնակցել են Հայրապետյանների կիսակառույց տան շինարարությանը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ընկերության մամուլի ծառայությունից, ավելի վաղ համագործակցող կողմերը ևս չորս ընտանիքի հոգս են լուծել նույն մարզի Խոր Վիրապ և Մարմարաշեն համայնքներում:
Հայրապետյաններն իրենց տան շինարարությունը սկսել են 25 տարի առաջ: Այդ ընթացքում ընտանիքին հաջողվել է կառուցել միայն նկուղը, որտեղ ապրել են տասը տարի, ապա արտերկիր մեկնող հարևաններից մեկը նրանց ժամանակավորապես տրամադրել է իր բնակարանը: Ընտանիքից պահանջվել է տասնհինգ տարի՝ կառուցվելիք տան պատերը կանգնեցնելու համար:
«Տղաս՝ Հարությունը, ծնվել ու մեծացել է մութ ու խոնավ նկուղում: Ամուսինս ու ես երկար տարիներ չէինք կարողանում ներել մեզ, որ չկարողացանք տարրական պայմաններ ապահովել մեր տղայի համար: Հիմա որդիս ինքն էլ ընտանիքն ունի, ու ես այնքան երջանիկ եմ, որ վերջապես կարող ենք ապրել սեփական հարկի տակ և զգալ օջախի ջերմությունը»,- ասել է ընտանիքի մայրը՝ Ռայան:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ՝ այս տարի 40 ընտանիք հաղթահարել է տուն կառուցելու խնդիրը՝ հոգսերը թողնելով անցյալում:
«Հայ մարդու համար և առհասարակ մարդկության համար ամենակարևոր վայրը տունն է. վայր, ուր մարդը կայանում է, ուր ծնվում են նրա հույսերն ու երազները, ուր անցյալն ու ապագան միահյուսվում են ու դառնում ընտանիքի պատմություն: Այս ընտանիքի համար այս տունը քառորդ դարի երազանք է ու վստահաբար արժեր այդ երազանքն իրականություն դարձնել»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
«Մենք սիրով և հպարտությամբ ենք մասնակցում այս ծրագրի իրականացմանը: Հաճելի է տեսնել, թե ինչպես է ևս մեկ ընտանիք թոթափում իր ուսերի բեռը և վերագտնում ապագայի հանդեպ հույսը: Եվ ամենևին պատահական չէ, որ մենք մեր աջակցությունը չենք սահմանափակում միայն ֆինանսական ներդրմամբ: Շինարարական աշխատանքներում ներգրավվելու մեր աշխատակիցների պատրաստակամությունը խնդրի լուծման բարոյական կողմն է, ինչն ավելի կարևոր է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հիշեցնենք, որ ծրագրի իրականացման համար 2015 թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել (2014թ.-ին` 55 մլն դրամ), իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» իրականացնում է ծրագիրը: Այս համագործակցության շնորհիվ՝ 2007թ.-ից մինչ օրս, հանրապետության տարբեր համայնքների 53 ընտանիք կացարանով է ապահովվել: Տարեվերջին բարեկարգված կամ կիսակառույց տան շինարարությունը ավարտին հասցրած ընտանիքների թիվը կհասնի 93-ի:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am
Նշենք, որ «Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ:
Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է 450-ից ավելի ընտանիքների: