Նոյեմբերի 3-ից
«Ժառանգություն», ԲՀԿ, ՀՅԴ և ՕԵԿ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների
աշխատանքային խումբը ձեռնամուխ կլինի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի
մշակմանը: Այդ մասին հոկտեմբերի 31-ին լրագրողներին հաղորդել է ՕԵԿ խմբակցության
քարտուղար Հովհաննես Մարգարյանը:
Նրա ասելով, խմբի
աշխատանքներում «Ժառանգությունը» կներկայացնի Թևան Պողոսյանը, ԲՀԿ-ն` Տիգրան
Ուրիխանյանը, ՀՅԴ-ն` Արծվիկ Մինասյանը: Քաղաքական գործիչը հավելել է, որ կառավարող
ՀՀԿ-ն և ՀԱԿ-ը հրաժարվել են աշխատել խմբում: «ՀԱԿ-ը դա բացատրել է այն
հանգամանքով, որ արդեն ԱԺ շրջանառության մեջ է դրել 100 տոկոսանոց համամասնական
ընտրակարգի անցման վերաբերյալ սեփական օրինագիծը», - նշել է քաղաքական գործիչը:
Մարգարյանն ընդգծել է, որ
խմբի աշխատանքում հիմնական շեշտադրումը կկատարվի 100 տոկոսանոց համամասնական
ընտրակարգի անցմանը: «Փորձը ցույց է տվել, որ Հայաստանում համամասնական
ընտրակարգով ընտրվում են քաղաքական գործիչներ, իսկ մեծամասնականով` «բակային
հեղինակություններ», - հայտարարել է նա: Ընդ որում պատգամավորը հավելել է, որ
քննարկման նպատակը այնպիսի փաստաթղթի ստեղծումն է, որը փոխհամաձայնեցված կլինի
բոլոր քաղաքական ուժերի հետ: «Մենք կձգտենք այդ հարցի շուրջ միավորել
արտախորհրդարանական ուժերին և միջազգային կազմակերպություններին», - նշել է նա,
հավելելով, որ խմբի աշխատանքներին միացել են նաև «Արդարություն» կուսակցությունը և
Ագրարային կուսակցությունը:
Վերջում
քաղաքական գործիչը հայտարարել է, որ երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը
թելադրում է էական փոփոխությունների և, նույնիսկ, իշխանափոխության
անհրաժեշտություն: