Ապրիլի 24-ին աշխարհի հայությունը և ողջ քաղաքակիրթ մարդկությունը նշում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այս օրերին հիշատակի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան են ժամանել աշխարհի 60 երկրների պատվիրակություններ, երեք երկրների` Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի նախագահները: 25 երկրներ ներկայացված են պետության երրորդ անձերի մակարդակով: Բոլոր օտարերկրյա պատվիրակությունների ներկայացուցիչներն այսօր կայցելեն Մեծ եղեռնի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Նրանք կայցելեն նաև Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարան: Երեկոյան կկայանա «20/04» նվագախմբի համերգը` 43 երկրների 123 հայտնի երաժիշտների մասնակցությամբ, այնուհետև` ջահերով երթ:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կանցկացվեն նաև աշխարհի տարբեր երկրներում: Այսօր կմարվեն Էյֆելյան աշտարակի լույսերը: ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի վարչակազմի շենքը կլուսավորվի հայկական եռագույնով, իսկ Լոս Անջելեսի վարչակազմի նստավայրը` մանուշակագույնով (Ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող անմոռուկի գույնով): Ապրիլի 24-ը Նյու Յորքում հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Հիշատակի միջոցառումներ կանցկացվեն Բեռլինում, դրանց կմասնակցի Գերմանիայի նախագահը: Չնայած այն հանգամանքին, որ Անկարան ժխտում է Հայոց ցեղասպանությունը, միջոցառումներ կանցկացվեն նաև Թուրքիայում` թուրք նախարարների մասնակցությամբ:
Գերմանիայի, Սերբիայի և Ռուսաստանի խորհրդարաններում ապրիլի 24-ին կընդունվեն Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթեր:
Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 23 երկիր, ԱՄՆ 43 նահանգ, Եվրախորհրդարանը, ԵԽԽՎ, Եվրոպական ժողովրդական կուսակցությունը: Կիպրոսը, Ֆրանսիան, Սլովակիան, Շվեյցարիօան ընդունել են Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ: