Հայաստանից կոնյակի արտահանումը 2014 թ. կրճատվել է մինչև 18,096 մլն լիտր` 2013 թ. 18,305 մլն լիտրի փոխարեն, Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
Նրա խոսքով, հայկական կոնյակի իրացման հիմնական շուկան Ռուսաստանն է, և անկումը պայմանավորված է ռուբլու արժեզրկման`անցած տարվա նոյեմբերից դիտվող միտումով և մատակարարված արտադրանքի դիմաց հայ արտահանողներին վճարումների ուշացումներով:
Հարությունյանը նշել է, որ այդ խնդիրները վատթարացել են նաև 2015 թ. հունվարին: Փորձագիտական գնահատականների համաձայն, սպասվում է արտահանման 25% անկում: Նա գտնում է, որ ալկոհոլի ռուսաստանյան շուկայում բացասական միտումներ են նկատվել: Անցած տարեվերջից Ռուսաստանն սկսել է ներմուծել և արտադրել ավելի էժան ու պակաս որակյալ ալկոհոլային արտադրանք, ու Հայաստանն էժանագին խմիչքների այդ շուկայում այլևս մրցունակ չէ ռուսական և ադրբեջանական արտադրողների հետ: Գինեգործը նշել է, որ արդեն այսօր հայ արտահանողներն ստիպված են կոնյակ մատակարարել ինքնարժեքից ավելի ցածր գնով: ՙԱյս իրավիճակը սպառնում է կոնյակի հայ արտադրողների համար ֆինանսական դժվարություններով, և եթե իրավիճակը չբարելավվի մինչև ընթացիկ տարվա հունիսը, գործարանները չեն կարողանա մթերել 2015 թ. խաղողի ամբողջ բերքը, ինչն արդեն կհանգեցնի ալկոհոլի արտադրության անկման՚,- ասել է Հարությունյանը:
Գինեգործը հայտնել է, որ յոթ տարի առաջ Հայաստանը Ռուսաստան էր արտահանում արտադրվող կոնյակի 95%-ը: 2012 թվականից մատակարարումներն սկսել են դիվերսիֆիկացնել, և ռուսական շուկայի մասնաբաժինը կրճատվել է մինչև 90% 2013 թվականին և 85% 2014 թվականին:Նշենք, որ կոնյակի արտադրությունը Հայաստանում 2014 թվականին անցած տարվա համեմատ կրճատվել է 8,10%-ով`մինչև 18,725.5 մլն լիտր: