Հաշվիառնելով «Տաշիր» խմբի երկարամյա փորձը էներգետիկ ծառայությունների մատուցման և էներգահամակարգերի կառավարման ոլորտում, մասնավորապես, այն փաստը, որ «Տաշիր» խմբի կազմում գործող «Կասկադ-Էներգո» ընկերությունը հանդիսանում է լավագույններից մեկը Ռուսաստանի Դաշնությունում, Հայաստանի իշխանությունները դիմել էին «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանին՝ քննարկել բաժնետեր «Ինտեր ՌԱՕ» ընկերության հետ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի ձեռք բերման հարցը: Ինչպես հոկտեմբերի 1-ին կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ընդառաջելով ՀՀ կառավարութան խնդրանքին՝ կարճ ժամանակահատվածում «Տաշիր» խումբը բանակցեց և արդեն ստորագրեց Հայաստանում էներգետիկ ակտիվների ձեռք բերման պայմանագիր «Ինտեր ՌԱՕ» խմբի հետ:
Նրա խոսքով, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն իսկ համաձայնություն է տվել այդ գործարքին: ՀՀ կառավարության խնդրանքով «Տաշիր» խումբը պարտավորվել է 5 տարիների ընթացքում ընկերությունում ներդնել միջազգային ստանդարտներին համապատասխան կառավարում և իջեցնել տեխնոլոգիական և առևտրային կորուստները: ՙՄիաժամանակ, կառավարության հետ հավասար հիմունքներով «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել իր անձնական միջոցների հաշվին մինչև 2016թ. օգոստոսի 1-ը փոխհատուցել սակագների տարբերությունն ամսական մինչև 250 կիլովատտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակչության և փոքր բիզնեսի համար: Հայաստանի Հանրապետության 766 հազար 889 բաժանորդներից միջին հաշվով 250 կիլովատտ ամսական օգտագործում են 604 հազարը, կամ բնակչության շուրջ 79 տոկոսը: Մենք փոխհատուցելու ենք բնակչության այդ հատվածի և ամսական միչև 500 կիլովատտ օգտագործող փոքր բիզնեսի համար 250 կիլովատտ էլեկտրաէներգիայի արժեքը: Իսկ ավելի մեծ սպառում, այսինքն՝ ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ ունեցող քաղաքացիները, կարծում եմ, պետք է իրենց վրա վերցնեն օբյեկտիվ իրավիճակով պայմանավորված սակագների տարբերությունը»,-ասել է ՀՀ վարչապետը: