Սեպտեմբերի 4-ին ԱՄՆ նախաձեռնությամբ Նյուպորտում կայացած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եռակողմ հանդիպումը փաստացի կրկնեց Կրեմլի նախաձեռնած նախագահների Սոչիի հանդիպումը: Նույն Նյուպորտում Ֆրանսուա Օլանդը և Սերժ Սարգսյանը հայտարարեցին Սարգսյան-Ալիև-Օլանդ եռակողմ հանդիպման մասին: Կարելի՞է արդյոք նշել, որ ուկրաինական ճգնաժամն իր շտկումներն է մտցրել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքում:
Թե’ այո, թե’ ոչ: Այն, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները տարբեր տարիներ հանդիպել են ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող այլ պետությունների նախաձեռնությամբ, փաստ է` Փարիզում, Քի-Ուեսթում և այլն: Դրանում արտասովոր որևէ բան չկա: Սակայն, կարելի է նշել, որ օգոստոսի 9-ին Սոչիում Վլադիմիր Պուտինի հետ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումից հետո արտակարգ կերպով արագ` արդեն սեպտեմբերի 4-ին, ԱՄՆ նախաձեռնությամբ հաջորդել է Հայաստանի, Ադրբեջանի նախագահների և ԱՄՆ պետքարտուղարի եռակողմ հանդիպումը: Նույն Նյուպորտում Ֆրանսուա Օլանդը և Սերժ Սարգսյանը հայտարարել են Սարգսյան-Ալիև-Օլանդ եռակողմ հանդիպման համար: Այնպես որ` փաստ է, որ նոր հանդիպումները մեկը մյուսին հաջորդում են արտասովոր արագ կերպով: Այս պայմաններում գտնում եմ, որ ուկրաինական ճգնաժամը որոշ իմաստով իր սրբագրումներն է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքում: Մնում է միայն կռահել, թե որքանով է դա պայմանավորված Լեռնային Ղարաբաղի շուրջ և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակի վերջին սրմամբ, իսկ որքանով` միջազգային իրադրության կտրուկ վատթարացմամբ և այդ պայմաններում է հայերի և ադրբեջանցիների միջև լարվածության թուլացման նախաձեռնությունը Մոսկվային չթողնելու ցանկությամբ: Երկու պատճառներն էլ գործել են, իսկ թե ինչ համամասնությամբ, հնարավոր է, բացահայտեն հետագա իրադարձությունները:
Ինչպիսի՞ն է Մինսկի խմբի գործունեության հեռանկարների Ձեր գնահատականը`հաշվի առնելով, որ այժ, դատելով վերջին իրադարձություններից, վերջինիս քննադատները լրցուցիչ փաստարկներ են ձեռք բերել`համանախագահող երկրների գործողություններում կոորդինացիայի բացակայության տեսքով:
Այդ փաստարկն առայժմ կասկածելի է: Բոլոր համանախագահները համակարծիքն են մեկ բանում` թույլ չտալ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու անմիտ փորձերը: Նրանք միասնական դիրքորոշում ունեն նաև խաղաղ քաղաքական կարգավորման ուղիներ գտնելու որոշակի հստակ պարամետրերում:Իսկ ընդհանուր առմամբ դիվանագետը համանախագահների հասցեին քննադատությունը գնահատում է որպես ՙջուրը պղտորելու՚ հերթական փորձ: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեղապտույտն ապահովում է հակամարտության կողմերի մաքսիմալիզմը, այլ ոչ թե միջնորդների ծուլությունը և անհասկացողությունը:
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին հուլիս-օգոստոսյան բռնության ուժեղացման համատեքստում ինչպես Հայաստանում և Ադրբեջանում, այնպես էլ դրսում որոշակի ուժեր շտապել են մեղադրել Ռուսաստանին ՙկայսերական ամբիցիաների և ազդեցության համար պայքարի մեջ՚: Ձեր կարծիքով, որո՞նք էին զոհերով ուղեկցվող բախումների պատճառները:
Այդ հակամարտության հետ կապված Ռուսաստանի հասցեին բոլոր հերյուրանքներին ես կիսակատակ պատասխանում եմ. ՙԴուք ասում եք, թե Ռուսաստանն իբր շահագրգռված է այդ հակամարտության պահպանամբ: Ուրեմն` ՙդաս տվեք՚ նրան և ինքներդ կարգավորման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերեք: Ըստ որում, Արևմուտքում ՙմոռացել՚ են, որ հետխորհրդային տարածությունում բոլոր 5 հակամարտությունները ռազմական արյունահեղությունից քաղաքական կարգավորման ուղի են դուրս բերվել հենց Ռուսաստանի համառ աջակցության ու միջնորդության շնորհիվ: Եվ պետք է հիշել, որ այդ քաղաքական կարգավորումն այսօր կախված է ամենից առաջ հակամարտության կողմերից: Խոսելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին հուլիս-օգոստոսյան բռնության ուժեղացման մասին`ակնհայտորեն բավարար չէ խոսել միայն դրա պատճառների մասին: Յուրաքանչյուր միջադեպ կարող է իր հստակ պատճառներն ունենալ, որոնք կարելի էր հետաքննել և այնուհետ նույնիսկ հրապարակել, սակայն ինչ-որ մեկը համառորեն չի ցանկանում դա: Այդ պատճառով շատ ավելի կարևոր է տեսնել ոչ թե այս կամ այն միջադեպի որոշակի պատճառները, այլ` դրա խորքային սկզբնապատճառները: Սկզբնապատճառներից մեկը կարծես տեխնիկական է, բայց` քաղաքական աստառով, մյուսը` զուտ քաղաքական: Առաջինը` 1994 թ. փետրվարի 18-ի արձանագրությունում ամրագրված պայմանավորվածության կատարումից Բաքվի հրաժարվելն է` հրադադարի ձեռքբերման դեպքում իրականացնել շփման գծից ընդդիմադիր զորքերի հեռացում: Զորքերն այդպես էլ մնացել են միմյանցից բավականին մոտ հեռավորության վրա, իսկ հետո ադրբեջանցիները նույնիսկ լրացուցիչ կերպով մոտեցրել են իրենց առաջավոր դիրքերը հայկական դիրքերին: Երկրորդ սկզբնապատճառը պաշտոնական Բաքվի` ՙհանգիստ չտալ հակառակորդին՚, ՙհանգիստ չտակ օկուպանտին՚ դրույթի մեջ է: Այստեղից էլ թե’ Ալիևի ռազմատենչ հռետորաբանությունը, թե’ սպառազինությունների մրցավազքի նախաձեռնությունը, թե’ նույն միջադեպերն ու դիվերսիաները: Ըստ որում, համառորեն խոսվում է ստատուս-քվոյի պահպանման անթույլատրելիության մասին` գործանկանում Բաքուն ավելի համառորեն հասնում է այն փոփոխելու անհնարինության:
Ահա ամռանը լարվածության կտրուկ սրման սկզբնապատճառները: Դրանք վերացնելու դեպքում երբեք երկուստեք այդքան զոհեր չեն լինի, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում:
Օգոստոսի 28-ին Կալիֆորնիայի Սենատն ընդունել է ԼՂՀ անկախությունը ճանաչող բանաձև: Այդպիսով`Լեռնային Ղարաբաղի անկախության գաղափարը համակրող ամերիկյան նահանգների թիվն արդեն հասել է չորսի: Արդյո՞ք հեռանկար ունի այդ գործընթացը, թե՞ վերջին հաշվով այն կրկնի Նահանգներում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի ճակատագիրը, որը ճանաչվել է ավելի քան 40 նահանգների կողմից, բայց չի ճանաչվել Վաշինգտոնի կողմից:
Այդ գործընթացը բավականին բարդ է` հաշվի առնելով, որ գործնականում ամեն բան Վաշինգտոնի ձեռքում է, որն իրականացնում է ԱՄՆ արտաքին քաղաքականությունը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսանկյունից հարկավոր է ուշադրություն դարձնել այլ գործընթացներին Շոտլանդիայում և Կատալոնիայում: Բանը նույնիսկ այն չէ, թե ինչպես կկարգավորվեն այդ խնդիրները, այլ այն, թե ով է քվեարկելու այդ հանրաքվեներում, եթե դրանք կայանան` Շոտլանդիան, թե՞ ողջ Մեծ Բրիտանիան, Կատալոնիան, թե՞ ողջ Իսպանիան: Իսկ անցյալում ով է քվեարկել` Քվեբեկը, թե՞ ողջ Կանադան: Ահա սա գրեթե ուղղակի առնչություն ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Ով պետք է ինքնորոշվի` Լեռնային Ղարաբաղը, թե՞ Ադրբեջանը: Բաքուն վկայակոչում է ԱՀ Սահմանադրությունը` խուսափելով հարցից, թե երբ է այն ընդունվել: Մինչդեռ համազգային հանրաքվե այնտեղ ամրագրված է`հատուկ Լեռնային Ղարաբաղի բնակիչների ինքնորոշումը թույլ չտալու նպատակով: Դրանք այդ հակամարտության կարգավորման խիստ կարևոր հարցեր են: