Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանի վերջին նյարդային հայտարարությունն ընդամենը դեկլարատիվ բնույթ է կրում. այն Երևանին և Մոսկվային ուղղված մի քանի մեսիջ է պարունակում, բայց, ըստ էության, Անկարան, նման հռետորական հայտարարություններից բացի, իր դաշնակից Ադրբեջանին աջակցելու համար որևէ այլ գործողության պատրաստ չէ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ղարաբաղյան խնդրի վերաբերյալ Էրդողանի վերջին հայտարարությանը:
Նրա խոսքով, հայտարարության հիստերիկ տոնայնությունը պայմանավորված է ադրբեջանա-թուրքական վերջին ինտերվենցիոն ծրագրի ռազմական և դիվանագիտական լիակատար ձախողման գիտակցմամբ: ՙԱյն, որ ռազմական հարթությունում թուրք-ադրբեջանական տանդեմն ապրիլյան ագրեսիայի ընթացքում ձախողվել է, ապացուցելու կարիք չկա: Ինչ վերաբերում դիվանագիտական ձախողմանը, այդ մասին է վկայում նաև այն փաստը, որ հակառակ Անկարայի ձգտումներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը չի փոխվի: Ուժի մեջ է մնում նաև 1994 թ. զինադադարի վերաբերյալ պայմանագիրը, և այդ մասին հայտարարել են թե՛ Մինսկի միջնորդները, թե՛ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Մինչդեռ Ադրբեջանի վերջին ջանքերն ուղղված էին հրադադարի նոր համաձայնագրի ձեռքբերմանը՝ արդեն առանց Ստեփանակերտի ստորագրության /1994 թ. պայմանագրի ներքո Լեռնային Ղարաբաղի ներկայացուիցչի ստորագրությունն է՝ որպես լիիրավ կողմ- խմբ./՚,- նշել է Շարմազանովը:
Նա նաև նշել է, որ Էրդողանի հայտարարությունը հստակ մեսիջ, նույնիսկ մարտահրավեր է պարունակել՝ ուղղված Մոսկվային: ՙԱյն փաստը, որը Էրդողանը նշում է Ադրբեջանի, Վրաստանի և Ուկրաինայի միջև տարբերությունը, ակնարկ է Ռուսաստանին, որ Բաքուն միայնակ չէ, և Ադրբեջանի նկատմամբ ագրեսիայի դեպքում ուկրաինական կամ վրացական սցենարի կրկնությունը հնարավոր չէ: Սակայն, դա ավելի շուտ դեկլարատիվ մեսիջ է Մոսկվային, քանի որ Անկարան ի վիճակի չէ անել ավելին, քան հիմա անում է Բաքվի համար: Թուրքիան այժմ այն վիճակում չէ, որ ցուցադրաբար դեմ գնա Ռուսաստանին, ինչպես նաև միջազգային հանրությանը՝ ասենք, պաշտոնական ռազմական աջակցություն ցուցաբերելով Բաքվին: Այպես որ՝ այսուհետև էլ ամեն բան կսահմանափակվի նման հռետորական հայտարարություններով՚,- ասել է Շարմազանովը:
Նշենք, որ իր վերջին հարցազրույցում Էրդողանը հայտարարել էր. «Խախտելով հրադադարի ռեժիմը` Հայաստանը կրակի հետ է խաղում՚: Նրա խոսքով, շփման գծում վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին ՙԱդրբեջանի բանակի գերազանցությունը հայկական բանակի նկատմամբ՚: ՙԴիմակայությունը ավելի է ուժեղացնում Ադրբեջանին և Իլհամ Ալիևին: Ռուսաստանը Հայաստանին բացահայտ և լիակատար աջակցություն ցույց չի տալիս, քանի որ Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունները փոխշահավետ են: Նույնիսկ եթե հայերը խոսում են ազատագրված տարածքների մասին, մեզ համար դա կարևոր չէ, նրանք, միևնույն է, խուճապահար են: Բնակչության, բանակի թվակազմի և այլ ցուցանիշների տեսանկյունից Ադրբեջանի հզորությունն անհամեմատելի է Հայաստանի հետ: Ադրբեջանը նման չէ իրեն շրջապատող մյուս պետություններին` Ուկրաինային կամ Վրաստանին: Ռուսաստանը չի կարողացել ցանկալի արդյունքի հասնել նույնիսկ Ուկրաինայում: Ռուսաստանը սխալ է թույլ տալիս՚, - կարծում է Թուրքիայի ղեկավարը: