Չնայած Հայաստանը ՀԱՊԿ անդամ է՝ այն որևէ հույս չի կապում կազմակերպության գծով դաշնակիցների հետ, մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյան:
ՀՀԿ փոխնախագահը համոզված է, որ Հայաստանն այսօր ռազմական այլ դաշինքների հետ համագործակցության հարցում այլընտրանք չունի, սակայն ՆԱՏՕ-ում վերջինիս, Աշոտյանի խոսքով, չեն սպասում: Որպես օրինակ՝ նա նշել է Վրաստանին, որ երկար տարիներ ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին: ՙՆայեք Վրաստանին, այսօր նրան էլ չեն սպասում ՆԱՏՕ-ում, իսկ Հայաստանին՝ առավել ևս՚,- նշել է նա: Այդ համատեքստում Աշոտյանն ավելացրել է, որ Հայաստանը պետք է հույսը բացառապես իր վրա դնի:
Միաժամանակ Աշոտյանը քննադատել է նրանց, ովքեր փորձում են հակառուսական տրամադրություններ հրահրել Հայաստանում: ՙՌուսաստանը շարունակում է Հայաստանի ռազմաքաղաքական և ռազմավարական գործընկերը մնալ: Ձեզ շատ լավ հայտնի է նաև մեր նախագահի վերաբերմունքը Մոսկվայի կողմից Բաքվին զենքի վաճառքի առնչությամբ՚,- հայտարարել է նա:
Աշոտյանը սխալ է համարել է նաև արտաքին քաղաքական օրակարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ կառավարությանն ուղղված պահանջը: ՙՔաղաքականությունը չի կարելի կառուցել էմոցիաների վրա, անհրաժեշտ է սթափ դատել և գործել՝ ելնելով սեփական հասարակության և պետության շահերից: Այս օրերին Հայաստանում որոշակի քաղաքական ուժեր փորձում են արհեստական օրակարգ ստեղծել: Ծիծաղելի է այս իրավիճակում արևմտամետ, եվրոպամետ կամ ռուսամետ լինել, պետք է հույսը մեր վրա դնենք և հիշենք, որ ոչ ոք մեր փոխարեն մեր խնդիրները չի լուծի, և դրանում համոզվեցինք ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին սրացման ընթացքում՚,- ասել է Աշոտյանը: