ՙՍդղի գյոլ» կոչվող տարածքում Զաքարյան եղբայրներին ծեծի ենթարկելու միջադեպով անցնող՝Սյունիքի մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու գործում անհասկանալի շատ հարցեր կան, որոնք Գլխավոր դատախազության որոշումից հետո անգամ իրենց պատասխանները չեն ստացել:
Մասնավորապես, հակասական է այն փաստը, որ Զաքարյան եղբայրների հոր խոսքով, իրենք իրենց նախնական ցուցմունքները, որոնցում մեղադրել են Տիգրան Խաչատրյանին, չեն փոխել: ՙՄեզ ուղղակի ասվել է, որ քննության ընթացքում պարզվել է, որ իմ որդի Հարությունի աչքին Տիգրան Խաչատրյանը չի հարվածել, և դա հաստատել են նաև վկաները: Մենք քննությանը չվստահելու պատճառներ չունենք: Բայց ինչ վերաբերում է այն բանին, որ մենք ինքներս փոխել ենք մեր ցուցմունքները, դա չի համապատասխանում իրականությանը՚,- հավաստացրել է Գագիկ Զաքարյանն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:
Մինչդեռ, Տիգրան Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու համար Գլխավոր դատախազություն ուղարկված Քննչական կոմիտեի նյութերի համաձայն, որոնք նախօրեին հրապարակվել են ԱրմԻնֆո-ի կողմից, հստակ ասվում է, որ որոշումն ընդունվել է տուժող կողմի նախնական ցուցմունքների փոփոխության հիման վրա: Այդպիսով՝ Զաքարյանների հայտարարություններն ակնհայտորեն չեն համապատասխանում Քննչական կոմիտեի նյութերին:
Բացի այդ, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում Գագիկ Զաքարյանը կրկին հայտարարել է, որ եթե նույնիսկ իր որդուն Տիգրան Խաչատրյանը չի հարվածել, միևնույնն է, նա ծեծի սադրիչ է, նա մեղավոր է և պետք է պատիժ կրի իր մեղքի չափով: Այդ դեպքում, եթե տուժող կողմը չի հրաժարվում Տիգրան Խաչատրայնի հասցեին մեղադրանքներից, ինչու չի փոխվել նրա նկատմամբ խափանման միջոցը, ասենք՝ կալանքից չմեկնելու մասին ստորագրությամբ, այլ ամբողջովին չեղյալ է հայտարարվել, մինչդեռ ծեծի մնացած մասնակիցները կալանքի տակ են գտնվում:
Այս և այլ անհասկանալի հարցերի պատասխանները Քննչական կոմիտեից ստանալ ԱրմԻնֆո-ին չի հաջողվել, քանի որ ՔԿ-ում զանգերին չեն պատասխանել: Մինչդեռ Խաչատրյանների փաստաբանը լրագրողների հետ զրույցում հավաստիացրել է, որ մոտ ժամանակներս Տիգրան Խաչատրյանից ամբողջովին կհանվի մեղադրանքը:
Նշենք, որ նախօերին Գլխավոր դատախազությունը, հենվելով ՔԿ նյութերի վրա, Սյունիքի մարզպետի որդու նկատմամբ խափանման միջոցը փոխելու որոշում է կայացրել: Նման որոշման համար, ինչպես երևում է Քննչական կոմիտեի՝ ԱրմԻնֆո-ի ձեռքում հայտնված նյութերից, հիմք է ծառայել, մասնավորապես, տուժող կողմի նախնական ցուցմունքների փոփոխությունը:
ՔԿ կողմից Գլխավոր դատախազություն ուղարկված փաստաթղթում, մասնավորապես, ասվում է. ՙԽաչատրյանի մեղքը, Հարություն Զաքարյանի առողջութանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մասով, քննության ընթացքում չի ապացուցվել, ինչպես նաև սպառված է նոր ապացույցներ ձեռքբերելու հնարավորությունը, քանի որ գործով անցնող Յուրի Մանուչարյանը խոստովանական ցուցմունքներ է տվել այն մասին, որ հենց ինքն է հարվածել Հարություն Զաքարյանի աչքին: Տուժած Հարություն Զաքարյանն առերեսման ժամանակ նույնպես հայտարարել է, որ իր աչքին հարվածել է Մանուչարյանը, այլ ոչ թե Խաչատրյանը: Այդ փաստը հաստատել են նաև գործով անցնող Մանվել Մալինցյանը, Սուրիկ Բաղդասարյանը և Վլադիկ Ստեփանյանը՚: Այնուհետև ՔԿ-ն Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումն ամբողջովին դադարեցնելու վերաբերյալ իր առաջարկը հիմնավորում է այն բանով,որ կասկածյալ նկատմամբ մեղադրանքը չի կարող կառուցվել ենթադրությունների հիման վրա, հետևաբար՝ Խաչատրյանը պետք է ազատ արձակվի: Նշենք, որ մայիսի 2-ին ՙՍդղի գյոլ» կոչվող տարածքում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հարազատների մասնակցությամբ ծեծկռտուքի հետևանքով դաժան ձեծի են ենթարկվել Զաքարյան եղբայրները: Նրանցից մեկը՝ Հարությունը, զրկվել է աչքից: Գործի առնչությամբ ձերբակալվել են Սուրեն Խաչատրյանի որդին, եղբայրը և եղբորորդին: Սա երկրորդ դեպքն է, երբ Սյունիքի մարզպետի որդին 4հերթական կրիմինալ միջադեպից ՙմաքուր՚ է դուրս գալիս: Առաջին անգամ Տիգրան Խաչատրյանը համանման սցենարկով անմեղ էր ճանաչվել և ազատ արձակվել Սյունիքի մարզպետի տան մոտ Ավետիք Բուդաղյանի սպանության գործով: