Արևմուտքի հետ Թուրքիայի հարաբերությունների և քրդական հարցի սրումը, Ադրբեջանի տնտեսությունում առկա ճգնաժամը և ազգային փոքրամասնություններին առնչվող ներքին խնդիրները, Իրանի նկատմաբ արևմտյան պատժամիջոցների վերացումը և այդ երկի ներդրումային հնարավորությունների ընդլայնումը` ահա բոլոր այն գործոնների ոչ լրիվ ցանկը, որոնցից կարող էր օգտվել Հայաստանի դիվանագիտությունը` ցանկության դեպքում: Լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին հայտարարել է «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը` դիտարկելով տարածաշրջանային զարգացումները Հայաստանի շահերի տեսանկյունից:
Նավթի համաշխարհային գների անկումը հանգեցրել է ճգնաժամի ոչ միայն Ադրբեջանի տնտեսությունում, այլև քաղաքական իրավիճակում, նշել է փորձագետը: Նրա ասելով, Ադրբեջանի ղեկավարությունը շատ լավ գիտակցում է, որ դա ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով կարգավորելու վերջին հնարավորությունն է: «Միևնույն ժամանակ, երկրի նհերսում մեծանում է նաև էթնիկ խմբերի` թալիշների, թաթերի, եզդիների դժգոհությունը, այնպես որ` ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ», - հայտարարում է փորձագետը:
Թուրքիան աստիճանաբար ավելի է խրվում իր ներքին հարցերի մեջ, հետևաբար, Հարավային Կովկասի զարգացումներին, մասնավորապես, ղարաբաղյան հարցին նրա մասնակցկության աստիճանը գնալով նվազում է, նշում է Արա Պապյանը: Նրա ասելով, իրավիճակը երկրում կթեժանա և գագաթնակետին կհասնի նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների շրջանում: «Արևմուտքի հետ հարաբերությունները նույնպես փչանում են, քանի որ Արևմուտքի համար ակնհայտ է դարձել, որ ԻՊ դեմ, այսպես կոչված, պայքարն ընդամենը շղարշ է, որի հետևում Թուրքիան փորձում է լուծել վաղեմի հակամարտություններն ազգային փոքրամասնությունների և քրիստոնյաների հետ», - հայտարարում է Պապյանը:
Հայաստանի շահերի տեսանկյունից բարենպաստ պայմաններ են ստեղծվում նաև իրանական ուղղությամբ, սակայն սեփական քաղաքականություն վարելու համար մենք չունենք ոչ պատրաստություն, ոչ ռեսուրսներ, նշում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավարը: «Ամեն դեպքում, Ռուսաստանն ու Իրանը մրցակիցներ են էներգակիրների փոխադրման ոլորտում, և Հայաստանը չի կարող զերծ մնալ այդ գործընթացներից», - եզրափակել է Պապյանը: