Հարկային ստուգումների արդյունքում «ԱրմենՏել» ընկերությունը տուգանվել է 4 մլրդ դրամով, իսկ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը` 16 մլրդ դրամով: Մայիսի 25-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հաղորդել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը` պատասխանելով «ստվերային տնտեսության» դեմ պայքարին առնչվող հարցին:
Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է նախարարը, «ստվերային տնտեսության» մաշստաբների գնահատմամբ Ֆինանսների նախարարությունը չպետք է զբաղվի, քանի որ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է բավականին լուրջ մեթոդիկայի: Միևնույն ժամանակ, միջազգային կառույցներն զբաղվում են այդ խնդրով և տալիս են համապատասխան գնահատականներ, նշել է նախարարը` որպես օրինակ հիշատակելով բջջային օպերատորին և առևտրի ոլորտը: Նրա տվյալներով, երկրում կան ընկերություններ` կուտակված վնասների 350 մլրդ դրամ ընդհանուր ծավալով, որը նվազեցվել է մինչև 150 մլրդ դրամ: Այդ համատեքստում նախարարն անհնար է համարում կարճ ժամկետներում ստուգումների անցկացումը հազարավոր օբյեկտներում:
Պատասխանելով այն հարցին, թե որքանով հնարավոր է հարկային դաշտ ներգրավել խոշոր ձեռներեց Սամվել Ալեքսանյանին և Ալեքսանդր Սարգսյանին ( ՀՀ նախագահի եղբայրը – խմբ.), ֆինանսնեիր նախարարը նշել է, որ դրամարկղային գործառնությունների խախտումների արդյունքում Սամվել Ալեքսանյանի ընկերությունները տուգանվել են 250 մլն դրամով: «Եթե ասեք, թե ինչ բիզնեսով է զբաղվում Ալեքսանդր Սարգսյանը, ես Ձեզ կպատասխանեմ», - նշել է Գագիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի բարձրաստիճան անձանց և նրանց առնչվող մարդկանց եկամուտների և գույքի վերաբերյալ հայտարարագրերի համաձայն, երկրի ամենահարուստ նախարարը հենց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն է, ով պաշտնն ստանձնելիս հայտարարգրել է 1 մլրդ 214 մլն 600 հազար դրամ: Գագիկ Խաչատրյանի տիկինը` Լաուրա Եփրեմյանը, հայտարարագրել է անհամեմատ ավելի, քան իր ամուսինը` շուրջ 1,5 մլրդ դրամ: