Սևանի սիգը կարող է կրկին անհետացման եզրին հայտնվել, Ջրի համաշխարհային օրվա առթիվ լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը: ՙԻնչպես բոլորին հայտնի է, Խորհրդային Միության փլուզման շրջանում սիգը սնվելու սակավ միջոցներից մեկն էր Հայաստանում, ինչը հանգեցրեց դրա գրեթե լիակատար անհետացմանը: Նույնը կարող է կրկնվել հիմա, և մենք պետք է պատրատ լինենք՝ կանխելու Սևանի ավազանի կենսաբազմազանությանը սպառնացող այդ վտանգը՚,- ասել է փորձագետը:
Իրավիճակից ելքը Գաբրիելյանը տեսնում է ոչ միայն այդ ձկնատեսակի որսի կրճատման, այլ նաև դրա ռազմավարական պաշարները համալրելու մեջ: Ոչ պակաս կարևոր է լճի ջրի մակարդակի բարձրացման գործընթացը, վերջինիս մաքրումը: Գաբրիելյանի խոսքով, այժմ նախապատրաստվում են նոր ծրագրեր՝ ուղղված լճի ջրի մաքրմանը, ձկան պոպուլյացիայի պահպանմանը և ավելացմանը:
ՙՊետք է ուշադրություն դարձնել նաև Սևան թափվող գետերի էկոլոգիական վիճակին: Դրանց աղտոտումը կարող է բացասաբար անդրադառնալ լճի վրա: Այդ գետերի ջրի վիճակը դեռ հայտնի չէ: Մոտ ժամանակներս կզբաղվենք այդ հարցով՚,- նշել է փորձագետը: Նա նշել է նաև, որ 2004 թվականից ի վեր լճի ջրի մակարդակը զգալիորեն բարձրացել է՝ հասնելով 1900 մետր նշագծի, ինչը դրական է անդրադառնու վերջինիս որակի վրա: Սևանի վիճակի՝ նույն մակարդակի վրա պահպանումը, Գաբրիելյանի խոսքով, բարենպաստ ազդեցություն կունենա լճի էկոհամակարգի վերականգնման վրա: ՙՄարտունի, Գավառ և Վարդենիս քաղաքներում նախատեսվում է կառուցել մի քանի մաքրիչ կայան, ինչը բարենպաստ ազդեցություն կունենա ձկան պոպուլյացիայի ավելացման վրա՚,- նշել է փորձագետը: